Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հայտնվել Հայաստանում․ Բաքուն մանրամասներ է հայտնել

Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հայտնվել Հայաստանում․ Բաքուն մանրամասներ է հայտնել

Լաչինի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Նասիմի Ռասիմօղլու Մուսաևի անհետացման դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ սեպտեմբերի 26-ին զինծառայողի ծառայության վայրում չլինելու և գտնվելու վայրը պարզել չկարողանալու պատճառով սկսվել են նրա որոնումները։ Պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ուժերի կողմից իրականացված որոնողական աշխատանքներից հետո Ադրբեջանի ռազմական դատախազությունում կատարված քննության արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Մուսաևն ինքնակամ լքել է զորամասը։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ռազմական դատախազության քննչական վարչությունում։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է՝ Մուսաևը գտնվում է Հայաստանի տարածքում և ձերբակալվել է Հայաստանի համապատասխան մարմինների կողմից։

«Ադրբեջանի պետական կառույցները շարունակում են կապերը հայկական կողմի համապատասխան մարմինների հետ՝ Մուսաևի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու, ձերբակալվելու և դեպքի այլ հանգամանքները պարզելու նպատակով։ Քրեական գործի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասվում է հաղորդագրությունում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment