Նկուղներից ու ծանր վիճակից՝ դեպի ապահով տանիք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նկուղներից ու ծանր վիճակից՝ դեպի ապահով տանիք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է։ Սա ևս մեկ առիթ է՝ ուշադրության կենտրոնում պահելու տարեցների առօրյան, նրանց սոցիալական միջավայրը, ինչպես նաև խնամքի կենտրոններում նրանց համար ստեղծված պայմանները։ 

Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանի խոսքով՝ իրենց համար առաջնահերթություն են թիրախավորված խմբերի և սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց ծրագրերը, դրանց իրականացումն ու աջակցությունը․ 

«Որպես այդպիսին, կարևորագույն խմբերից մեկը, որի հետ մենք աշխատանք ենք տանում, տարեցների խմբերն են։ Մենք դրանք կոչում ենք տարեցներին ուղղված ծառայություններ։ 2026 թվականին պլանավորել ենք ծառայություններ շուրջ 2000 շահառուների համար։ Ծառայություններն իրականացվում են մասնագիտացված դասընթացների, սոցիալիզացիային ուղղված արտագնա արշավների տեսքով: Կարևորում ենք նաև հոկտեմբերի 1-ը՝ Տարեցների միջազգային օրը։ Սա մշակույթ դարձնելով Երևանում՝ քաղաքապետարանը պլանավորում է իրականացնել մի շարք միջոցառումներ մեր տարեց քաղաքացիների համար»,- նշեց Գևորգ Ղարիբյանը։ 

Ցերեկային խնամքի կենտրոնում տարեցների համար կարևոր է ստացած ուշադրությունն ու շփումը։ Կենտրոն այցելողներն ասում են՝ այստեղ իրենց երիտասարդ ու պահանջված են զգում։ 

Գևորգ Ղարիբյանի խոսքով՝ քաղաքապետարանը համագործակցում է հասարակական ոլորտում գործող կազմակերպությունների հետ։ Դրանցից մեկը «Առաքելություն Հայաստանն» է, որի հետ Երևանում իրականացվում են տարեցների ցերեկային և տնային խնամքի ծառայություններ․ 

«Ցերեկային խնամքի ծառայության շրջանակում այս տարի կարողացել ենք շուրջ 10%-ով ավելացնել շահառուների քանակը։ Ուստի, շուրջ 550 տարեց քաղաքացի ստանում է ցերեկային խնամքի այդ մասնագիտացված ծառայությունը»,- հավելեց նա։ 

Կենտրոն այցելող տարեցները կարևորում են նաև կազմակերպվող էքսկուրսիաները։ Մեծ ոգևորությամբ են պատմում այն վայրերի մասին, որտեղ հասցրել են լինել։ 

«Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը նշեց, որ կազմակերպությունն իր աշխատանքը Երևանում իրականացնում է մայրաքաղաքի բոլոր շրջաններում գործող նմանատիպ վեց կենտրոնի միջոցով․ 

««Նռնենի» սոցիալական տանը մենք իրականացնում ենք մեր ծառայություններից մի քանիսը․ ցերեկային խնամքի ծառայություններ տարեցների համար, կացարանի տրամադրում տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար, հանրային բաղնիքի ծառայություն տարեց և հաշմանդամ քաղաքացիների համար, որոնք իրենց տանը չունեն այդ հնարավորությունը»,- ասաց փոխնախագահը։

Կան տարեցներ, որոնք տարիներ շարունակ օգտվում են կացարանի տրամադրման ծրագրից։ Նրանց առօրյան ձևավորվում է օրվա ծրագրերին ու զբաղմունքներին համապատասխան։ Տարիներ շարունակ այստեղ բնակվող զույգի համար ամենակարևորն ապահով տանիք ունենալն է։ 

Տարեցների առօրյան ավելի ապահով ու ակտիվ դարձնելու համար իրականացվող ծրագրերը շարունակվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment