«Սրբազան պայքար»-ի գործով դատարանը գրավոր ապացույցների հետազոտման փուլում է։ Այս դատական նիստին հետազոտվեց Արման Իսրայելյանի բնակության վայրից հայտնաբերված զենքերի՝ 2025թ. հուլիսի 24-ին իրականացված զննության արձանագրությունը։
Նշենք, որ ավելի վաղ Իսրայելյանի պաշտպանը հայտնել էր, որ խոսքը մի դեպքում որսորդական զենքի, մյուս դեպքում՝ պետության կողմից ստացված նվերի մասին է։
«Չկա մի օբյեկտիվ կապ, որ Արման Իսրայելյանի օրինական զենքերը կարող էին կիրառվել անօրինական նպատակով, էլ չասեմ՝ ահաբեկչության նպատակով»,- նշել էր նա։
Այս գործով կա 18 մեղադրյալ։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Տեսանյութը դիտելուց հետո պաշտպան Մկրտիչ Դավթյանը հայտնեց, որ ընդամենը ակնադիտական զննության արդյունքում է տրվել եզրկացություն, և որ դա չի կարող հիմնավոր լինել։
Պաշտպան Հովհաննես Խուդյանն էլ հայտարարեց՝ Քննչական կոմիտեն ի սկզբանե չի ունեցել վարկած, որ այդ զենքերը քրեական վարույթի համար կարող են նշանակություն ունենալ, բայց զենքերի առգրավումներով ցանկացել է քաղաքական շոու ապահովել։ Հանրային մեղադրողներն այս նյութերը ներկայացրել են որպես ապացույց և չեն էլ պարզաբանել, թե սրանցով ինչ փաստական հանգամանքներ են հաստատվում։
«Երբ ՔԿ-ն քննում է ահաբեկչության նախապատրաստության հանցակազմ, միանշանակ այս զենքերն այս եղանակով չէին կարող զննվել։ Քննիչը որևէ հանձանարարություն չի տվել, որ զենքերը պետք է զննության ենթարկվեն ձեռնոցներով, հետքեր չթողնելով և առավել զգուշավորությամբ»,- նշեց նա։
Պաշտպանները եզրահանգման եկան՝ իրավական պրոցեսին բնորոշ գործողություններ չեն կատարվում։
Պաշտպան Մանթաշյանն էլ կրկին հետաքրքրվեց հանրային մեղադրողներից, թե տվյալ ապացույցն ինչ փաստական հանգամանք է ապացույցում։
«Հիմա հետազոտման փուլում ենք, մեղադրողները չեն հայտնում, չենք հասկանում՝ ներկայացված ապացույցն ինչ է հիմնավորում»,- ասաց նա։
Հանրային մեղադրող Վազգեն Հարությունյանն էլ, անդրադառնալով պաշտպանի պնդմանը, նշեց՝ ներկայացրել են, թե որ ապացույցը վերդիկտ կայացնելու համար ինչ նշանակություն ունի։
Բագրատ Սրբազանն էլ կարծիք հայտնեց, որ եթե ամեն ինչ պետք է տանեն եզրափակիչ ճառերի փուլ, առաջարկում է միանգամից անցնել եզրափակիչ փուլին։
«Տեսնենք՝ ինչ են ասելու, ցավում եմ, որ անօրինականության ամբողջ պատասխանատվությունը դրվեց ձեզ վրա (նկատի ունի դատախազներին,- հեղ.)»,- ասաց նա։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն էլ նշեց՝ համապատասխան փուլում ապացույցների վերաբերելիությանը կանդրադառնան, դատարանն այս փուլում պարտադրել չի կարող։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter