Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Հայաստանում ձերբակալված ժամկետային զինծառայող Նասիմի Մուսաևը որոնվում էր սեպտեմբերի 26-ից։
Մուսաևը ձերբակալվել է այն բանից հետո, երբ ՀՀ Սյունիքի մարզի Շաքի գյուղում երեք երեխաների ներկայությամբ կրակել էր 38-ամյա բնակչուհու վրա։
Ադրբեջանի դատախազության վարկածով՝ զինծառայողն ինքնակամ լքել է Բերձորի (Լաչին) ուղղությամբ տեղակայված զորամասը։ Այդ փաստի առթիվ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել։
Բաքվում հաստատել են, որ Մուսաևը ձերբակալված է Հայաստանում, և հայտնել են հայկական կողմի հետ շփումների մասին՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով։
Ընդ որում, Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում ոչինչ չի ասվում երեխաների ներկայությամբ կնոջ վրա կրակելու մասին։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնել էր, որ ադրբեջանական կողմը զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին ԱԱԾ-ին տեղեկացրել էր սեպտեմբերի 29-ին։ Զինծառայողը հոկտեմբերի 1-ին Շաքիում կրակել էր ՀՀ քաղաքացու ոտքին և ձերբակալվել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Շաքիի բնակիչներից մեկը Armenia Today-ին պատմել էր, որ ավտոմատով զինված ադրբեջանցին մտել էր բնակելի տուն և կրակել տեղի բնակչուհու վրա նրա երեք երեխաների ներկայությամբ։