Նվազագույն կենսաթոշակը ՀՀ-ում հունվարի 1-ից կբարձրանա ամսական 1000 դրամով

Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 2027 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 1000 դրամով՝ 46 հազարից հասնելով 47 հազար դրամի, ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube ալիքը։

Նրա խոսքով՝ բարձրացում նախատեսվում է նաև կենսաթոշակների և նպաստների այլ տեսակների համար։ Թորոսյանը այլ տեսակի նպաստների շուրջ մանրամասներ չի ներկայացրել։

Նա պարզաբանել է, որ աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման բանաձևում օգտագործվող ցուցանիշներից մեկը կավելանա 500 դրամով, իսկ հաշվարկն անհատական է։

«Յուրաքանչյուր դեպքի համար չեմ կարող ասել՝ կոնկրետ մարդու համար որքան կբարձրանա, բայց բարձրացում կլինի»,- նշել է նախարարը։

բարձրանան նաև զինվորական կենսաթոշակները։ Նրա խոսքով՝ դրանց հաշվարկման բանաձևը տարբերվում է, ուստի բարձրացման չափը յուրաքանչյուր շահառուի դեպքում տարբեր կլինի։

Նախարարի խոսքով՝ նախատեսվող բարձրացումների համար պետական բյուջեից լրացուցիչ շուրջ 5 մլրդ դրամ կուղղվի։

Կենսաթոշակների բարձրացման հետ կապված անկանխիկ գործարքների հետվճարի տոկոսադրույքը չի փոխվի։

Սակայն նախարարի խոսքով՝ միջին հետվճարի չափը կարող է ավելանալ, քանի որ կենսաթոշակառուները հնարավորություն կունենան ավելի մեծ գումարից անկանխիկ ծախսեր կատարել։

Կառավարությունը նախատեսում է նաև փոխել թաղման նպաստի տրամադրման կարգը։

Այն կպահպանվի անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիների համար, իսկ մյուս դեպքերում այդ ծրագրի միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը։

«Մնացած քաղաքացիների համար այդ միջոցները փաստացի կուղղվեն մեր կենսաթոշակառուներին՝ կենսաթոշակների բարձրացմանը։ Մենք դա շատ ավելի կարևոր ենք համարում, քան այս նպաստը բոլորին տրամադրելը»,- հայտարարել է Թորոսյանը։

Թորոսյանի խոսքով՝ թաղման նպաստների համար տարեկան նախատեսված գումարը մոտ 4,4 մլրդ դրամ է, սակայն կենսաթոշակների բարձրացման ֆինանսավորումը միայն այդ միջոցներով չի սահմանափակվելու։

Փոփոխությունները նախարարը բացատրել է աջակցությունը հասցեական դարձնելու անհրաժեշտությամբ։ Նրա խոսքով՝ իր տատիկի մահից հետո հարազատները նույնպես ստացել են 200 հազար դրամ թաղման նպաստ։

«Սա հասցեական չէ, որովհետև այն պետք է տրամադրվի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասել է Թորոսյանը։

Նվազագույն կենսաթոշակի՝ 46 հազարից 47 հազար դրամ բարձրացումը կազմում է շուրջ 2,2%։ Միևնույն ժամանակ կառավարության մակրոտնտեսական կանխատեսմամբ՝ 2027 թվականին միջին գնաճը նախատեսվում է շուրջ 3%։ Այս ցուցանիշի դեպքում 46 հազար դրամի գնողունակությունը պահպանելու համար կենսաթոշակը պետք է կազմեր առնվազն 47,38 հազար դրամ։ Այսպիսով, նախատեսվող 1000 դրամ բարձրացումը նույնիսկ կանխատեսվող գնաճն ամբողջությամբ չի փոխհատուցում։

Միևնույն ժամանակ 2027 թվականի հունվարի 1-ից էապես կբարձրանան բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Նախարարների պաշտոնային դրույքաչափը 998 հազար դրամից կհասնի գրեթե 2 միլիոնի, վարչապետինը՝ 1,498 միլիոնից 2,662 միլիոն դրամի, պատգամավորներինը՝ 832 հազարից մոտ 1,5 միլիոնի։ Աշխատավարձերի նոր համակարգի համար պետությունից տարեկան կպահանջվի ավելի քան 25 միլիարդ դրամ։

Leave a Comment