Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, հոկտեմբերի 1-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել երկու տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով։
Դատարանը Ղազարյանի համար սահմանել է մեկ տարվա փորձաշրջան։
Այդ ընթացքում նա չի կարող Հայաստանի տարածքից դուրս գալ առանց իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության։ Բնակության վայրը փոխելու դեպքում պատգամավորը պարտավոր է սահմանված ժամկետում նոր հասցեն հայտնել իրավասու մարմնին։
Նրա նկատմամբ վերահսկողությունը դրվել է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։
Ղազարյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը և սահմանված սահմանափակումները դատարանն անփոփոխ է թողել մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դրանից հետո խափանման միջոցը կվերացվի։
Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում դատավորի, դատախազի, քննիչի և օրենքով նախատեսված մի շարք այլ անձանց մասին նրանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ կապված արատավորող կամ նրանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև նրանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար։
Հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով։
Հանրային մեղադրող Հայկ Ավետյանը պահանջել էր Ղազարյանին դատապարտել երկու տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նաև երեք տարով զրկել հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
Մինչև դատավճռի հրապարակումը դատարանը մերժել էր հանրային մեղադրողին բացարկ հայտնելու վերաբերյալ Ղազարյանի միջնորդությունը։ Պատգամավորը պնդել էր, որ դատախազի գործողությունները սոցիալական ցանցերում վկայում են նրա քաղաքական դիրքորոշման և քաղաքական չեզոքության պահանջի խախտման մասին։
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։
Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի փետրվարին։
