Լիբանանի վրա իսրայելական հարվածների հետևանքով մարտի 2-ից ի վեր զոհվել է 4386 մարդ, ևս 12 413-ը վիրավորվել են, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Տվյալները ներկայացված են սեպտեմբերի 25-ի դրությամբ։
Լիբանանում ռազմական էսկալացիան սկսվել էր մարտի 2-ին՝ «Հեզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակումներից հետո։
Ի պատասխան՝ իսրայելական բանակը սկսել էր հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին՝ հայտարարելով, որ թիրախավորում է խմբավորման ենթակառուցվածքները։
Իսրայելը մարտի 16-ին հայտարարել էր հարավային Լիբանանում ցամաքային գործողությունների մեկնարկի մասին։ Հաջորդ ամիսներին կողմերը շարունակել են փոխանակվել հարվածներով։
Հունիսին Իսրայելն ու Լիբանանը ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված շրջանակային համաձայնագիր։ Սակայն դրա ստորագրումից հետո Լիբանանի տարածքին իսրայելական հարվածները շարունակվել են։
