Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի մարզի Շաքի գյուղում կրակել է տեղի բնակչուհու վրա նրա երեք երեխաների ներկայությամբ, Armenia Today-ին հայտնել է Շաքիի բնակիչներից մեկը։
Նրա խոսքով՝ ավտոմատով զինված ադրբեջանցին ցերեկը մտել է բնակելի տներից մեկը։ Դեպքից հետո տանը արյան հետքեր են մնացել։
Armlur.am-ի տեղեկություններով՝ վիրավորը ինքնապաշտպանության նպատակով դանակով հարվածել է ադրբեջանցուն։
Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ավելի վաղ հայտնել էր, որ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը Շաքիում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին և ձերբակալվել։
Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը դեռ սեպտեմբերի 29-ին ԱԱԾ-ին տեղեկացրել էր, որ զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լինի Հայաստանի սահմանը։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը Շաքիում կրակոցի մասին ահազանգ է ստացել հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:15-ին։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերը պարզել են, որ կրակողը որոնվող ադրբեջանցի զինծառայողն է։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ մանրամասները հայկական կողմը ներկայացրել է նաև Ադրբեջանին։
