Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել է ՀՀ քաղաքացու վրա և ձերբակալվել, տեղեկացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանական կողմը դեռ սեպտեմբերի 29-ին էր ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Նշվում է՝ չէր բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինները որոնողական աշխատանքներ են իրականացրել։
Երկու օր անց՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբերի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակողը որոնվող ադրբեջանցի զինծառայողն է։
ԱԱԾ-ից հավելել են, որ դեպքի մանրամասները հայկական կողմը ներկայացրել է նաև Ադրբեջանին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
