Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կիսում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների թերությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցում նշված բոլոր մտահոգություններն ու առաջարկները։ Փաշինյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն` Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Նրա խոսքով՝ կառավարությունն այժմ վերլուծում է առաջարկները, որոնց իրականացումը «երբեք վնաս չի բերի»։
Սակայն ԵԽԽՎ-ի՝ հենց իշխանությունների գործողություններին ուղղված քննադատությանը՝ ընդդիմության ընտրովի քրեական հետապնդմանը, պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշումներին և վարչական ռեսուրսի օգտագործմանը, Փաշինյանը չի անդրադարձել։ Փոխարենը նա կրկին խոսել է ընտրակաշառքի մասին։
Վարչապետը հայտարարել է, որ ընտրություններից անմիջապես հետո իշխանություններն արձանագրել են ընտրական համակարգում լուրջ փոփոխությունների անհրաժեշտությունը։
Նրա պնդմամբ՝ քաղաքացիական հասարակությունը կոշտ քննադատել էր կառավարությանը այն դեպքերի համար, երբ համայնքներում ընտրությունների ելքը, իր խոսքով, որոշվել էր ընտրակաշառքով, իսկ պետությունը ոչինչ չէր ձեռնարկել։
Լրագրողի ճշտող հարցին, թե ինչ կասի ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի իշխանությունների հասցեին հնչած քննադատության մասին, Փաշինյանն ընդունել է, որ, ինչպես նշված է զեկույցում, «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում և ընտրական գործընթացում ներգրավված էին բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ համայնքների ղեկավարներ։ Միևնույն ժամանակ նա դա բացատրել է կառավարող ուժ լինելու հանգամանքով։
Ըստ Փաշինյանի, սակայն, կան քննադատելի «ուրիշ դրսևորումներ», որոնք պետք է հենց իշխող ուժն արմատախիլ անի։ Հակառակ դեպքում, իր խոսքով, «ռիսկ կա վերածվելու Հանրապետական կուսակցության»։
«Մեր ամենամեծ ռիսկը հանրապետական դառնալն է։ Եվ մենք պետք է այդ ռիսկը կառավարենք, ինքներս մեր ձեռքով պետք է արմատախիլ անենք այդ երևույթները, հակառակ դեպքում նշանակում է, որ մենք արժանանալու ենք հանրապետականի ճակատագրին»,- ասել է Փաշինյանը։
ԵԽԽՎ-ն ավելի վաղ հրապարակել էր հունիսի 7-ի ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը։ Դրական գնահատականին զուգահեռ, ԵԽԽՎ-ն արձանագրել էր մի շարք խնդիրներ՝ վարչական ռեսուրսի օգտագործում, պետհատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քրեական վարույթների ազդեցություն քարոզարշավի վրա և ընտրական խախտումների բողոքարկման թերություններ։
