Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա. Փաշինյան

5 տարի անընդհատ խոսել ենք 44-օրյա պատերազմի մասին, այլևս որևէ նրբություն չկա, որի մասին չենք խոսել, այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին այդպես էլ որևէ հայտարարություն չանելուն և պատերազմի տարելիցին որևէ կերպ  չանդրադառնալուն։

«Հատուկ անդրադարձ չենք կատարել, որովհետև կարծում եմ, որ 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա։ Գիտեք, որ մենք Հայրենիքի համար զոհվածների օր ենք սահմանել, որպեսզի չստացվի, որ մենք տարբեր կերպ ենք վերաբերվում հայրենիքի համար զոհված մեր քույրերին և եղբայրներին»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 13-ի  և ապրիլյան պատերազմի հետ կապված ևս հատուկ ուղերձներ և արարողություններ չեն եղել։

Ըստ ՀՀ վարչապետի՝ այդ դեպքերում էլ երբեմն զոհվածների հարազատներն իրենց վերապահումներ են ներկայացնում՝ ասելով, որ  եթե այդ հանգամանքը մոռացության է տրվել, ուրեմն իզուր է տեղի ունեցել։

Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսության եթերով Թաթայի համերգը հեռարձակելու փաստին՝ նա նշեց.

«Հանրային հեռուստատեսութունը… այդտեղ անպատեհություն կա, իհարկե, բայց մենք պետք է հասկանանք՝ իսկ մեր հեռարձակած բոլոր համերգների օրերի՞ն է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել։ Հենց այսօր էլ 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցել ենք բազմաթիվ զոհեր։ Ուզում եմ հասկանամ՝ թե 8-10 տարի հետո սեպտեմբերի 27-ին կարելի՞ է համերգ հեռարձակել, թե չէ։ Պրոբլեմն էն ա, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի։ Կարող է պարզվի, որ մեր բոլոր շաբաթ-կիրակիները և ընդհանրապես… եթե մեր պատմությանն առերեսվենք, 360 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են»,- ասաց Փաշինյանը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ սգո և հիշատակի օրերին զոհվածների ծնողներն թույլ չեն տալիս կառավարական պատվիրակությանն այցելել Եռաբլուր, հետևաբար իրենք չեն ուզում ամեն անգամ բախվել «նման տեսարանների» հետ։

«Իսկ եթե 44-օրյա պատերզմի մասին ուղերձ լինի, դրանում արդեն պետք է օգտագործվի այն բառապաշարը, որը բխում է օգոստոսի 8-ի քաղաքական տրամաբանությունից և պայմանավորվածություններից»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը

Վերջում Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 27-ին պատարագի է մասնակցել, որտեղ հոգեհանգստի կարգ է մատուցվել։

Leave a Comment