«Արցախ TV»-ն ներկայիս կազմով դադարեցնում է գործունեությունը, հայտարարել է հեռուստաընկերության տնօրեն Հրայր Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ «Արցախ TV» անվանման և հարթակի կիրառման իրավասությունը կփոխանցվի մեկ այլ հասարակական կազմակերպության։ Այլ մանրամասներ Ավետիսյանը չի հայտնել։
«Այս որոշումը մենք չենք կայացրել։ Արցախի կառավարության որոշմամբ՝ «Արցախ TV» անվանման և հարթակի կիրառման իրավասությունը կփոխանցվի մեկ ուրիշ ՀԿ-ի»,- գրել է Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ հեռուստաընկերության ներկայիս թիմում աշխատել են Արմինե Հայրիյանը, Նորայր Հովսեփյանը, Արմինե Պետրոսյանը, Գայանե Մելքումյանը, Ծովինար Բարխուդարյանը, Տիգրան Գասպարյանը, Արսեն Եսայանը և Կարեն Պետրոսյանը։
Միաժամանակ «Արցախ TV»-ի պաշտոնական էջը հայտնել է, որ հեռուստաընկերությունը վերազինման և տեխնիկական արդիականացման փուլ է մտնում։ Նշվում է, որ կարճատև դադարից հետո այն կվերսկսի աշխատանքը՝ նոր լրատվական և հեռուստանախագծերով։
«Արցախ TV»-ի պատմությունը սկսվում է 1988 թվականի հունիսի 1-ից, երբ եթեր է հեռարձակվել Արցախի հեռուստատեսության առաջին հաղորդումը։ 2023 թվականին հեռուստաընկերությունը նշել էր հիմնադրման 35-ամյակը։
