«Չենք հուսահատվելու»․ Բաբայանը հայտնել է վճռաբեկ բողոքի մասին – armeniatoday.am

Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել ու հայտնել է, որ իր և երկու հայի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Ադրբեջանի Գերագույն դատարան։

Բաբայանը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ին իրենց է փոխանցվել նաև Ադրբեջանի վերաքննիչ դատարանի վճռի էլեկտրոնային տարբերակը՝ ընդհանուր 47 հատորով։

Բաբայանը պնդել է, որ իրենց տրամադրված փաստաթղթերում պաշտոնական ստորագրություններ չկան։ Նրա գնահատմամբ՝ վերաքննիչ դատարանի վճռի «99,9%-ը» կրկնում է դատախազության և առաջին ատյանի դատարանի փաստարկները։

«Եթե դատախազությունը և առաջին ատյանի դատարանը պարզապես ստում էին, վերագրում էին այն բաները, որոնք մենք չենք ասել, այստեղ մի քիչ այլ տարբերակ են ընտրել՝ մեր ասածները գրաքննության են ենթարկել, կարևոր բաներ հանել են»,- ասել է Բաբայանը։

Նա որպես օրինակ նշել է իրեն վերագրվող՝ իբր «հանցավոր միավորման» անդամ լինելու մեղադրանքը։ Բաբայանի խոսքով՝ ինքը դատարանում հակափաստարկներ է ներկայացրել և հիշեցրել, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը պաշտոնական բանակցություններ է վարել Արցախի ղեկավարության հետ։ Նրա պնդմամբ՝ վերաքննիչ ատյանի նյութերում այդ հատվածից հանվել են համապատասխան անուններն ու մանրամասները։

Բաբայանը նաև անդրադարձել է տնտեսական բնույթի մեղադրանքներին՝ պնդելով, որ իր ներկայացրած հակափաստարկները ևս ամբողջությամբ չեն արտացոլվել վերաքննիչ դատարանի նյութերում։

Նրա խոսքով՝ 47-րդ հատորը, որը բաղկացած է 333 էջից, իրենց ընդհանրապես չի տրամադրվել ընթերցելու համար։ Բաբայանը նշել է, որ այդ հատվածում ներկայացված է վերաքննիչ դատարանի հիմնավորումը, թե ինչու են նախկին որոշումները թողնվել անփոփոխ։

Միաժամանակ Բաբայանը դրական է գնահատել պաշտպանների ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ նշելով, որ դրանում արձանագրվել են, իր գնահատմամբ, օրենքների և միջազգային իրավունքի խախտումները։

«Փաստորեն մեկնարկում է իրենց Գերագույն դատարանում մեր բողոքի փուլը։ Չգիտեմ՝ երբ են այդ գործը քննելու, բայց գիտեմ՝ ինչով է ավարտվելու․ նույն իրավական, քաղաքական, բարոյական նորմերի խախտումներ, օրենքների չարաշահումներ և չարություն»,- ասել է նա։

Բաբայանը կրկին հայտարարել է, որ Բաքվում ընթացող գործընթացը չի համարում միայն իր և մյուս հայերի նկատմամբ դատավարություն։

«Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է»,- ասել է նա։

Ուղերձի վերջում Բաբայանը հայտարարել է, որ չեն հուսահատվում և չեն պատրաստվում հանձնվել։

«Մենք չենք հուսահատվում, չենք էլ հուսահատվելու, կանգնած ենք ամուր»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում, Սփյուռքում և այլ երկրներում իրենց աջակցող մարդկանց։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչները Բաքվի շինծու մեղադրանքներով 2025 թվականի դեկտեմբերին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: 

Կարդացեք նաև՝

«Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք»․ Դավիթ Բաբայանը կդիմի ՄԻԵԴ

Անհետացել են Բաքվի վերաքննիչ դատարանին ուղղված իմ դիմումները․ Բաբայան

Leave a Comment