Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբոր՝ Տիգրան Համբարձումյանի շուրջ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների առնչությամբ, և չի բացառվում, որ քրեական վարույթ հարուցվի, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ գործը կարող է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։
«Հետք»-ը գրել էր, որ Սիսիան համայնքի ավագանու անդամ Տիգրան Համբարձումյանը 2025 թվականին 300 հազար դրամով ձեռք բերած 1998 թվականի արտադրության Opel մակնիշի ավտոմեքենան «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին մեկ տարով վարձակալության է տվել 1 մլն 990 հազար դրամով։ Մրցույթին մասնակցել էր միայն Տիգրան Համբարձումյանը։
Կարեն Համբարձումյանը երեկ լրագրողներին պնդել էր, որ եղբոր առաջարկը մատչելի էր ՊՈԱԿ-ի համար՝ օրեկան մոտ 5000 դրամ, և որ եղբայրը դա արել է «հանուն համայնքի»։ Նրա խոսքով՝ վարձակալության մասին ինքն իմացել է մամուլից։
Այս ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցել են, որ Տիգրան Համբարձումյանը Սիսիանում աշխատում է նաև անտառտնտեսության տնօրեն, և այդ պաշտոնում նրա հայտնվելու հարցում դերակատարում է ունեցել շրջակա միջավայրի նախկին նախարար, այժմ ՔՊ պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։ Սիմիդյանը, ըստ պարբերականի, մտերիմ, ընկերական հարաբերություններ ունի Կարեն Համբարձումյանի հետ։
