Flydubai-ը միջադեպի պատճառով ժամանակավորապես դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները

Flydubai ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ չվերթները՝ մինչև Թել Ավիվ մեկնող ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետաքննության ավարտը, ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։

«Սեպտեմբերի 30-ին FZ 1073 չվերթի հետ կապված միջադեպից հետո և համապատասխան գերատեսչությունների հետ համակարգմամբ Flydubai-ի՝ դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ չվերթները կդադարեցվեն հետաքննության ընթացքում»,- հայտնել են ընկերությունից։

Flydubai-ում նշել են, որ չվերթների ժամանակավոր դադարեցումը հնարավորություն կտա իրավասու մարմիններին շարունակել աշխատանքը և պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։

Ավիաընկերությունը հայտնել է, որ լիովին աջակցում է ընթացող հետաքննությանը և սերտորեն համագործակցում է պետական մարմինների, կարգավորող կառույցների ու օդանավակայանների ղեկավարության հետ։ Չվերթները դադարեցնելու որոշումը կվերանայվի նոր տեղեկությունների ստացմանը զուգահեռ։

Flydubai-ն նաև ներողություն է խնդրել ուղևորներից, որոնց ծրագրերը խաթարվել են, և խոստացել հնարավորության դեպքում առաջարկել այլընտրանքային տարբերակներ։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ մեկնող Flydubai-ի FZ 1073 չվերթն արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքում։ Flydubai-ն հաստատել է, որ օդանավում միջադեպ է տեղի ունեցել, և բոլոր ուղևորներն անվնաս վայրէջք են կատարել։

Ըստ ԶԼՄ-ների՝ երկրորդ օդաչուն հարձակվել է օդաչուի վրա և փորձել կործանել ինքնաթիռը։ Ուղևորներն ու անձնակազմի անդամները միջամտել են և վնասազերծել հարձակվողին, իսկ ինքնաթիռը հետագայում անվտանգ վայրէջք է կատարել։ Միջադեպի դրդապատճառները դեռ քննվում են։

Leave a Comment