PFL-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Ուսման Նուրմագոմեդովը հայտարարել է, որ պատրաստ է UFC-ում իր նորամուտի մենամարտն անցկացնել Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի դեմ։ Այս մասին նա հայտնել է մենամարտերի կազմակերպիչ Կամիլ Գաջիևին տված հարցազրույցում։
Նուրմագոմեդովի խոսքով՝ նման մենամարտը հետաքրքիր և կոմերցիոն առումով հաջող կարող է լինել UFC-ի համար։ Նա կարծում է, որ կազմակերպությունը կարող է անցկացնել այդ մենամարտը, քանի որ ներկայում Ծառուկյանի համար դժվար է այլ մրցակից գտնել։
«Վաճառքների տեսանկյունից Ուսման Նուրմագոմեդովի մենամարտը UFC-ի ցանկացած մարտիկի դեմ լավ մենամարտ է։ Բայց Արմանի դեմ մենամարտը վաճառվող կլինի»,- ասել է Նուրմագոմեդովը։
Նա քիչ հավանական է համարել Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի մենամարտը՝ միաժամանակ հիշատակելով Թոփուրիայի և Փեդի Փիմբլեթի մեծ ճանաչումը UFC-ում։
Արչի Քոլգանի նկատմամբ հաղթանակից հետո Նուրմագոմեդովի պայմանագիրը PFL-ի հետ ավարտվել է, և նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։ Ավելի վաղ նա Ծառուկյանին նշել էր որպես UFC-ում իր հավանական մրցակիցներից մեկը։
Ծառուկյանը UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում երկրորդն է։ Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ հաղթանակից հետո նա հայտարարել էր, որ 2027 թվականի սկզբին ակնկալում է մենամարտել դիվիզիոնի գործող չեմպիոն Ջասթին Գեյջիի հետ։
