ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը լրագրողներին պարզաբանել է, թե ինչու է իր եղբայր Տիգրան Համբարձումյանը «Opel» ավտոմեքենան տարեկան մոտ 2 մլն դրամով վարձակալության տվել «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
«Հետք»-ի հետաքննող լրագրողները սեպտեմբերի 29-ին հոդված էին հրապարակել, ըստ որի Սիսիան համայնքի ավագանու անդամ Տիգրան Համբարձումյանն իր 300 հազար դրամ արժողությամբ «Opel»-ը գրեթե 2 մլն դրամով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին։ Կայքի տվյալներով՝ մրցույթին հայտ էր ներկայացրել միայն Համբարձումյանը, իսկ մեքենայի պահանջները կազմվել էին հենց այդ մեքենայի տեխնիկական բնութագրերով։
Նրա հետ 2026 թվականին կնքվել է 1 մլն 990 հազար դրամի պայմանագիր՝ նախահաշվային գնից 10 հազար դրամ պակաս։
«Մրցույթ է տեղի ունեցել, մասնակցել է, և այդ տարեկան 2 միլիոնը ամսական կազմում է 160,000, օրեկան՝ 5000 դրամ»,- ասել է պատգամավորը։
Համբարձումյանի խոսքով՝ դա շատ մատչելի առաջարկ է ՊՈԱԿ-ի համար, քանի որ ոչ ոք չէր համաձայնի այդ գումարի դիմաց տրամադրել իր մեքենան։ «Եթե որևիցե մեկին ձեռնտու լիներ կամ լավ գին լիներ օրը 5000 դրամով այդ ծառայությունն իրականացնելը, կգային, կմասնակցեին։ Եղբայրս հանուն մեր համայնքի է արել»,- հավելել է Համբարձումյանը։
Պատգամավորի խոսքով՝ եղբոր՝ մեքենան ՊՈԱԿ-ին վարձակալության տալու մասին ինքն իմացել է մամուլից։
