Հայաստանում՝ «Յուվենտուսի» առաջին ակադեմիան․ ֆուտբոլային նոր մեգանախագիծ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում՝ «Յուվենտուսի» առաջին ակադեմիան․ ֆուտբոլային նոր մեգանախագիծ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համաշխարհային ճանաչում ունեցող «Յուվենտուս» ակումբը Երևանում բացել է իր ֆուտբոլային ակադեմիան։ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի և Freedom Arena-ի պաշտոնական բացումն այսօր էր։

Առաջին կանգառն Ավանն էր, որտեղ հյուրերը շրջեցին մարզաբազայում և հետևեցին երեխաների մարզումներին։ Այստեղ ստեղծվել են մարզումների, վերականգնման և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ՝ մարզադաշտերից ու մարզասրահից մինչև բժշկական և վերլուծական գոտիներ ու կացարաններ։

Բայց այս մեծ նախագծի կենտրոնում ոչ թե ենթակառուցվածքներն են, այլ երեխաները։ Ակադեմիան արդեն իր դռներն է բացել հարյուրավոր պատանի ֆուտբոլիստների առջև։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այստեղ նրանց համար կարող է բացվել նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլ տանող ճանապարհը։

«Երևանում շատ կարևոր իրադարձություն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ խոշոր եվրոպական ակումբի ֆուտբոլային ակադեմիա է բացվում, որը լայն հնարավորություններ է ստեղծում մեր երեխաների համար, ովքեր որ սիրում են ֆուտբոլ, ովքեր որ ուզում են զբաղվել ֆուտբոլով և ովքեր որ ուզում են պրոֆեսիոնալ ձևով զբաղվել ֆուտբոլով: Եվ ես կարծում եմ, որ սա շատ լավ սկիզբ է հենց մեր՝ Հայաստանի Հանրապետության հավաքականի ֆուտբոլային ապագայի համար»։

Երևանում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքներին ծրագրի առաջին իսկ օրերից աջակցել է նաև քաղաքապետարանը։

«Մենք առաջին օրվանից աջակցել ենք ծրագրին, Երևան քաղաքի տարբեր հատվածներում տեղի է ունեցել ենթակառուցվածքների շինարարություն, և մենք մաքսիմալ փորձել ենք աջակցող լինել մեր գործընկերներին․ կարծում եմ՝ այդ գործընկերությունը ստացվել է»։

Տարբեր տարիքային խմբերում ընդգրկված շուրջ 700 երեխա արդեն հաճախում է ակադեմիա։ Ծրագրերը նախատեսված են անգամ ամենափոքրերի համար։

«Ակադեմիան, իհարկե, իր մեջ ներառում է տարբեր մակարդակներով, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ծրագրեր՝ սկսած 2 տարեկանից։ Արդեն իսկ 700 երեխա ներգրավված է ծրագրում՝ տարբեր տարիքային խմբերի, և այդ երեխաներն արդեն իսկ անցնում են այն ինտենսիվ պարապմունքները, որոնք որ կանցնեին Իտալիայում կամ մեկ այլ եվրոպական խոշորագույն ակումբի ակադեմիայում: Եվ կարծում եմ՝ շատ ուրախալի է, որ սա տեղի է ունենում հենց Երևանում»։

Հայաստանյան ակադեմիայում երեխաների հետ աշխատում են «Յուվենտուսի» համակարգից ժամանած մասնագետներ։ Նրանց խնդիրն է փոխանցել ակումբի մարզչական մեթոդաբանությունն ու գիտելիքահեն մոտեցումը։

Ծրագրի կարևորությունն ընդգծում է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման և միջազգային փորձի ներդրման նշանակությունը։

Նախարարը կարևորում է նաև ծրագրի սոցիալական բաղադրիչը․ տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան ակադեմիայում սովորել անվճար, այդ թվում՝ մարզերից եկածները։

Անդրեասյանի խոսքով՝ նման նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում նաև մասնավոր ներդրումների համար։

«Շատ կարևորում եմ, որ մասնավորը ներդրումներ է անում սպորտում․ դա նշանակում է, որ սպորտը դառնում է ինդուստրիա, որտեղ մասնավորն էլ տեսնում է իր մասնակցության նպատակահարմարությունը, և պետություն-մասնավոր գործընկերության այսպիսի ծրագրերն են, որ պետք է առաջ տանեն մեր այս ոլորտը»։

Հայաստանում «Յուվենտուսի» նախագիծն ակումբի համար առաջինն է տարածաշրջանում։ Ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնի խոսքով՝ աշխարհում նման շուրջ 100 ակադեմիական նախագիծ ունեն։

«Այո, մենք մոտավորապես 100 ակադեմիա ունենք, այսպիսի նախագիծ ունենք ամբողջ աշխարհում, բայց տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ունենալու այսպիսի նախագիծ։ Մենք նաև կտեսնենք, թե այստեղ ինչպես են աշխատել, որպեսզի նաև փոխառնենք այստեղի փորձը մյուս ծրագրերում»։

Հայաստանի նախագիծն առանձնանում է նաև ենթակառուցվածքներով։

«Բայց հաստատապես կարող եմ ասել, որ, համեմատած աշխարհի մեր մյուս նախագծերի, ծրագրերի հետ, այստեղի ենթակառուցվածքն իսկապես տարբերվում է, բացառիկ է»։

Սիլվերստոնի խոսքով՝ մարզչական ծրագիրը, ենթակառուցվածքների տրամաբանությունն ու մարզումների պայմանները գալիս են «Յուվենտուսի» համակարգից՝ միաժամանակ համադրվելով հայկական առանձնահատկությունների հետ։

Ակադեմիայի առաջին փուլը ենթակառուցվածքների կառուցումն էր, հաջորդը երեխաների ֆուտբոլային զարգացումն ու արդյունքներն են։

Ֆուտբոլային ակադեմիայից բացի՝ ծրագրի մյուս կարևոր բաղադրիչը Freedom Arena-ն է։ «Կենտրոն» մարզաբազայում գտնվող մարզադաշտը համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի չափանիշներին, ունի շուրջ 2000 նստատեղ և նախատեսված է ֆուտբոլային հանդիպումների ու այլ մարզական միջոցառումների համար։

Համալիրում նախատեսվում է նաև մասնագիտացված սպորտային բժշկական կլինիկա և վերականգնողական կենտրոն։

Նախաձեռնողների փոխանցմամբ՝ ծրագրի հիմքում շուրջ 20 միլիոն դոլարի ներդրում է։ Երևանում արդեն գործում է երկու մարզաբազա՝ Ավանում և Կենտրոնում, իսկ երրորդի շինարարության մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։

Ակադեմիայի լավագույն սաները հետագայում հնարավորություն կունենան մեկնել Թուրին, մասնակցել «Յուվենտուսի» ակադեմիաների միջազգային մրցումներին և փորձել իրենց ուժերը եվրոպական ֆուտբոլում։

Ծրագիրը միայն Հայաստանով չի սահմանափակվում։ Հայաստանի «Յուվենտուսի» գործընկերների խոսքով՝ 2027 թվականին նմանատիպ ակադեմիա նախատեսվում է բացել նաև Թբիլիսիում։

«Մեզ հրավիրել են մեր հայ գործընկերները։ Մենք Վրաստանում «Յուվենտուսի» ներկայացուցիչներն ենք։ Շուտով նաև Թբիլիսիում բացելու ենք «Յուվենտուսի» ակադեմիա։ Մենք շատ ուրախ ենք և հաջողություն ենք մաղթում ձեր ակադեմիային ու Հայաստանում մեր գործընկերներին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր քայլ է տարածաշրջանի՝ Կովկասի համար, որ «Յուվենտուսը» որոշել է ակադեմիաներ բացել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։ Հաջողություն եմ մաղթում այս ակադեմիային։

— Իսկ ե՞րբ եք բացելու։

— Մենք ակադեմիան բացելու ենք 2027 թվականին և անպայման մեր հայ գործընկերներին նույնպես կհրավիրենք բացմանը»։

Հայաստանում ծրագրի աշխարհագրությունը նույնպես ընդլայնվում է․ Նոր Հաճնում նախատեսվում է նոր մարզաբազայի և սպորտային թաղամասի կառուցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment