Թեհրանի «Մարիամ-է Մողադդաս» («Սուրբ Մարիամ») մետրոյի կայարանում բացվել է 1980-1988 թվականների Իրան-իրաքյան պատերազմում զոհված հայ զինծառայողների դիմանկարների ցուցահանդեսը, հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
«Հայ նահատակները՝ անձնազոհության խորհրդանիշներ» խորագրով ցուցադրությունը պատմում է պատերազմին իրանահայերի մասնակցության և երկրի պաշտպանության գործում նրանց ներդրման մասին։ Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս։
Բացման արարողությանը մասնակցել են զոհվածների հարազատները, Թեհրանի մետրոպոլիտենի և Թեհրանի նահանգի Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամի ներկայացուցիչները։
Իրանում ավանդույթ կա այցելելու Իրան-իրաքյան պատերազմում զոհված քրիստոնյա զինծառայողների ընտանիքներին։ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ նման այցելություններ են կատարում նաև երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդը։
2025 թվականի հոկտեմբերին Թեհրանի կենտրոնում բացվել էր «Մարիամ-է Մողադդաս» մետրոյի կայարանը, որն անվանակոչվել է Սուրբ Մարիամի պատվին և նվիրված է Իրանի քրիստոնեական համայնքին։
Կայարանը գտնվում է Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հարևանությամբ՝ Թեհրանի գլխավոր հայկական եկեղեցիներից մեկի մոտ։ Կայարանի ձևավորման մեջ օգտագործվել են հայկական և քրիստոնեական մոտիվներ։
