Մեծ Բրիտանիայի հարկային և մաքսային ծառայությունը (HMRC) 16 506,95 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում կվճարի հայազգի աշխատակցուհուն այն բանից հետո, երբ աշխատանքային վեճերով տրիբունալը ճանաչել է, որ նա ենթարկվել է ուղղակի և անուղղակի ռասայական խտրականության, հայտնում է The Independent-ը։
Դատական նյութերում Ms X անունով ներկայացված կինը ծնունդով Աբխազիայից է։ Նրա մայրենի լեզուն ռուսերենն է, անգլերենին ազատ տիրապետում է՝ ռուսական առոգանությամբ։ 2004 թվականին նա ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում, իսկ ավելի ուշ՝ բրիտանական քաղաքացիություն։
2019 թվականին, երբ դեռ աշխատում էր HMRC-ում, կինը փոխել է ազգանունը, քանի որ այն հստակ մատնանշում էր Աբխազիայից նրա հայկական ծագումը։
2022 թվականի հուլիսին նա վերադարձել է HMRC՝ որպես ստաժոր։ Վերադառնալուց հետո պարզել է, որ նախկին ազգանունը շարունակում է երևալ գերատեսչության ներքին համակարգում, որը հասանելի է շուրջ 65 հազար աշխատակցի։ Նա խնդրի մասին հայտնել է իր անմիջական ղեկավար Դեմիան Ռոբսոնին, սակայն, ըստ գործի նյութերի, վերջինս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել։
2022 թվականի օգոստոսի 19-ին Ռոբսոնի հետ ստաժորների աշխատանքի բաշխման վերաբերյալ զրույցի ժամանակ Ms X-ը հայտնել է, որ կցանկանար աշխատել մաքսային հարցերով զբաղվող ստորաբաժանումում, քանի որ ռուսերենի և ռուսական մշակույթի իմացությունը կարող էր օգտակար լինել։
Հանդիպումից հետո նրա ղեկավարը կազմել է զրույցի մանրամասն գրառում, որում, ինչպես հետագայում պարզել է դատարանը, աշխատակցուհուն վերագրվել են նրա կողմից չասված խոսքեր։ Մասնավորապես, նշվել է, թե նա ցանկություն է հայտնել «վրեժ լուծել Ռուսաստանից՝ իմ ընտանիքին սպանելու համար»։
Կինը հայտարարել է, որ նման խոսքեր չի ասել, և գրառումները չեն արտացոլում զրույցի բովանդակությունը։ Չնայած դրան՝ սեպտեմբերի 1-ին նրա նկատմամբ կարգապահական քննություն է սկսվել, որի արդյունքում նրան գրավոր նախազգուշացում է տրվել։
Բողոքարկման փուլում նրան վերագրվող մեղադրանքն ավելի է խստացվել․ պնդվել է, թե կինը մտադիր էր իր պաշտոնն օգտագործել «ռուսներին սպանելու» համար։
Ms X-ը դիմել է աշխատանքային վեճերով տրիբունալ։ Դատարանը պարզել է, որ իրեն վերագրված հայտարարությունները նա չի արել, իսկ ղեկավարի կողմից կեղծ մեղադրանք ներկայացնելը որակել է որպես ռասայական հատկանիշով ուղղակի խտրականություն։
Տրիբունալը խտրական է ճանաչել նաև HMRC-ի որոշ գործողություններ, սակայն ռասայական հետապնդման վերաբերյալ պահանջները մերժել է։
Արդյունքում HMRC-ին պարտավորեցրել են կնոջը վճարել 16 506,95 ֆունտ ստեռլինգ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Նա շարունակում է աշխատել գերատեսչությունում։
