Վայոց ձորի մարզում անօգնական վիճակում հայտնաբերված Կարմիրգրքյան սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա, հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։
Սեպտեմբերի 29-ին «112» կենտրոնից ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Նորավանքի խաչմերուկի մոտակայքում անօգնական վիճակում գիշատիչ թռչուն է հայտնաբերել, որը չի կարողացել թռչել։
Ժամանած տեսուչները պարզել են, որ թռչունը ՀՀ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ է։ Արտաքին զննությամբ տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Նույն օրը տեսչական մարմնի աշխատակիցները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգու կլինիկա՝ պատշաճ խնամք և վերականգնում ապահովելու նպատակով։
