Նախընտրական շրջանում ընտրակաշառք խոստանալու կասկածով ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, գնդապետ Արթուր Ավանեսյանը («Կանդազ») սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստում մերժել է իր նկատմամբ մեղադրանքը։ Նա անդրադարձել է նախաքննական մարմնի ձայնագրությանը, որտեղ, ըստ մեղադրանքի, նա Արթուր Իսկանդարյանին պաշտոն է խոստացել Զինված ուժերում, և հայտարարել, որ ընդամենը ներկայացնում էր իր քաղաքական թիմի նախընտրական ծրագիրը։
«Հեռախոսով, որ ինքը զանգել է, ասել է, որ ցանկանում է ծառայել բանակում, ես ասել եմ՝ խնդիր չկա, պիտի ծառայի։ Անգամ առանց որևէ բանի էլ պիտի ծառայի, որովհետև մեր բանակում յուրաքանչյուր անձ պիտի ծառայի»,- ասել է Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ խոսքը զինծառայության անցնելու մասին է, ոչ թե քաղաքացիական պաշտոն տալու։
Ավանեսյանի խոսքով՝ Իսկանդարյանը նախկինում ևս ծառայել է զինված ուժերում որպես դասակի հրամանատար։ Խոսակցությունը, ըստ գնդապետի, վերաբերում էր Իսկանդարյանի՝ զինծառայության վերադառնալուն, իսկ «պաշտոն» ասելով նա նկատի է ունեցել զինվորական պաշտոն։
«Պաշտոնը կարող է լինել տարբեր ձևի, օրինակ՝ դասակի հրամանատար։ Դա իր հերթական պաշտոնն է։ Ես ինչ որ ասել եմ, արվելու է, միայն թե ընտրվելու դեպքում։ Ասել եմ՝ ծառայելու ես, պաշտոնն էլ լինելու է, եթե մենք անցնենք»,- ասել է գնդապետը։
Ավանեսյանն ապրիլի 27-ին ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից՝ ընտրակաշառք խոստանալու կամ տրամադրելու կասկածով, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել։ Այդ ժամանակ նա ղեկավարում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմը։
Ձերբակալությունից հետո Ավանեսյանը հացադուլ էր հայտարարել՝ տեղի ունեցածը որակելով ապօրինություն։ Դատարանը սկզբում նրան կալանավորել էր երկու ամսով։ Հունիսին նրա խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվել է տնային կալանքով։
