Երեխայի ծննդով հիփոթեքի մարման ծրագիրն առաջարկում են երկարաձգել մինչև 2031թ․

Հայաստանում առաջարկում են մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը և սահմանել աջակցության միասնական չափ՝ 1 միլիոն դրամ։ Որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։

Նախագծի համաձայն՝ 2027 թվականի հունվարի 1-ից միանվագ աջակցությունը կկազմի 1 միլիոն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարից։

Եթե մնացորդը 1 միլիոն դրամից պակաս է, պետությունը կմարի փաստացի մնացորդը։

Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցությունը կհաշվարկվի յուրաքանչյուր երեխայի համար։ Օրինակ՝ երկվորյակների դեպքում այն կարող է կազմել 2 միլիոն դրամ՝ վարկի մնացորդային մայր գումարի սահմաններում։

Աջակցություն կարող են ստանալ ՀՀ քաղաքացիները, որոնք երեխայի ծնողն են, հիփոթեքային վարկառուն են, և որոնց սեփականությունն է վարկով ձեռք բերված կամ կառուցվող բնակարանը։

Երեխան պետք է ծնված լինի 2027 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո, իսկ դիմել հարկավոր է մինչև նրա մեկ տարին լրանալը՝ ներառյալ։

Ձեռք բերված բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի գինը, ինչպես նաև անշարժ գույքի գնահատված կամ նախահաշվային արժեքը չպետք է գերազանցի 40 միլիոն դրամը։

Մեկ այլ պայման վերաբերում է այլ բնակելի գույքին։ Դիմելուն նախորդող մեկ տարվա ընթացքում շահառուն, իսկ գրանցված ամուսնության դեպքում՝ նաև ամուսինը, չպետք է ունենան սեփականության իրավունքով այլ բնակելի գույք կամ դրա գնման գրանցված իրավունք։ Բաժնային սեփականության դեպքում սահմանափակումը կիրառվում է 50% և ավելի մասնաբաժնի դեպքում։

Հիմնավորման մեջ ասվում է, որ վերջին 12 ամիսների ստուգումը պետք է բացառի գույքի պայմանական օտարումը աջակցության համար դիմելուց անմիջապես առաջ։

Առաջարկվում է նաև վերացնել դիմելու պահին վարկի 12 ամիս մարումների առկայության պահանջը։ Ընտանիքը կկարողանա դիմել երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա մեկ տարին լրանալը։

Աջակցություն ստանալու համար վարկառուն պետք է դիմի հիփոթեքային վարկը տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։

Եթե կազմակերպությունը ծրագրի մասնակից է, անհրաժեշտ տեղեկություններն ինքը կփոխանցի Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը, և քաղաքացին առանձին չի դիմի նախարարություն։ Հակառակ դեպքում բանկը կտրամադրի տեղեկանք վարկի և մնացորդի մասին, որը վարկառուն ինքը պետք է ներկայացնի նախարարություն։

Նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում կստուգի դիմողի համապատասխանությունը ծրագրի պայմաններին՝ օգտագործելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների և Կադաստրի կոմիտեի տվյալները։

Մասնավորապես, կստուգվեն երեխա-ծնող կապը, գրանցված ամուսնության և այլ բնակելի գույքի առկայությունը։ Հաստատվելուց հետո գումարը կփոխանցվի վարկային կազմակերպության հաշվին՝ վարկի մայր գումարի մարման համար։

Այդ գումարը հնարավոր չի լինի կանխիկացնել, արգելանքի տակ դնել կամ ուղղել հաճախորդի այլ պարտավորությունների մարմանը։ Բանկը չի կարող նաև տույժ գանձել այդ միջոցներով վարկի վաղաժամ մարման համար։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Հայաստանում գործում է 2020 թվականից։ Սկզբում այն ներառում էր երեք ուղղություն՝ աջակցություն առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին մարզերում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար, կանխավճարի ապահովագրության աջակցություն և երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մասնակի մարում

Ներկայում ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ միանվագ աջակցություն առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին մարզերում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար և երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մայր գումարի մարման աջակցություն։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունից օգտվել է 10 064 ընտանիք։ Դրանցից 1165-ն աջակցություն ստացել է երկու անգամ, 43-ը՝ երեք, իսկ երկու ընտանիք՝ չորս անգամ։ Նախագծի հեղինակներն այս ցուցանիշները համարում են ծրագրի պահանջվածության և ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա դրա ազդեցության վկայություն։

Իշխանությունները կանխատեսում են, որ 2027 թվականից ամեն տարի աջակցություն կստանա շուրջ 1900 ընտանիք։ Պետբյուջեի տարեկան ծախսը կկազմի մոտ 1,9 միլիարդ դրամ։

Leave a Comment