Հայկական կապիտալը՝ նոր մասշտաբով։ «Team Holding»-ն ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը՝ կապիտալի շուկայից ներգրավելով շուրջ 35 միլիոն դոլարին համարժեք ֆինանսավորում։ Ծրագրի բոլոր փուլերն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ։ «Team»-ում սա դիտարկում են ոչ միայն որպես ֆինանսական արդյունք, այլև որպես ներդրողների վստահության կարևոր ցուցիչ։
Հաջող ավարտի մասին «Team» ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է «Freedom Broker Armenia»-ի կազմակերպած միջազգային ներդրումային և ֆինանսական համաժողովի ընթացքում։
«Ընդհանուր առմամբ, միջոցներն ուղղելու ենք ենթակառուցվածքային զարգացմանը «Team» ընկերությունների խմբի մի շարք ոլորտներում՝ լոգիստիկ, էներգետիկ և այլն, ինչը հնարավորություն է տալու ստեղծել նոր աշխատատեղեր, զարգանալ, և, ամենակարևորը, վստահության ձեռքբերում է սա, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր ներդրողները մեզ գնալով ավելի են վստահում»։
«Team Holding»-ի պարտատոմսերի ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 31,5 միլիոն ԱՄՆ դոլար և 1,4 միլիարդ դրամ։ Տեղաբաշխումն իրականացվել է երեք փուլով՝ «Freedom Broker Armenia»-ի հետ համագործակցությամբ։
Եսայանը նկատում է՝ «Team» ընկերությունների խումբն ավելի շատ հակված է մեծածավալ կապիտալ ներդրումներ իրականացնելուն։ Նոր կապիտալի ներգրավումն ուղղվելու է մեծամասամբ էներգետիկ ոլորտ։
Այսպիսով, նոր ֆինանսավորումը «Team»-ի համար միայն ընթացիկ գործունեության ֆինանսավորման աղբյուր չէ։ Ընկերության ներկայացմամբ՝ միջոցները նախատեսված են երկարաժամկետ, կապիտալատար նախագծերի համար, որոնք պետք է ընդլայնեն խմբի գործող ուղղություններն ու ստեղծեն նոր հնարավորություններ։
«Team»-ի առանձնահատկություններից մեկը բազմաոլորտ բիզնես մոդելն է։ Խմբում ընդգրկված են ընկերություններ, որոնք գործում են հեռահաղորդակցության և տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի, շինարարության, հյուրընկալության, գինեգործության և այլ ոլորտներում։
««Team Group»-ը զբաղվում է մի շարք ոլորտներով՝ արտադրությունից սկսած մինչև «Team Energy»-ի լիցքավորիչներ։ Ունենք գինու արտադրություն՝ նույն «Tituz» գինիները, հյուրանոց՝ «Երևան» հյուրանոցն է ներառվում, «Team Logistics»-ը և մի շարք այլ ընկերություններ։ Թվով 10-12 ընկերություն է, և սա բազմապրոֆիլ է։ Սա մեզ հնարավորություն է տալիս, հենց բազմապրոֆիլ լինելով, մեր ռիսկայնությունն իջեցնել։ Եթե մի ոլորտում շուկայական խնդիրներ են առաջանում, մյուս ոլորտն օգնում է, որպեսզի այս պարտատոմսերը խնդիր չունենան»։
Բազմաոլորտ կառուցվածքը «Team»-ի զարգացման ռազմավարության կարևոր բաղադրիչներից է։ Իսկ կապիտալի շուկա դուրս գալն ընկերության համար նաև ներդրողների հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու հնարավորություն է։
«Team»-ում ընդգծում են՝ ներդրողների վստահության հիմքում առաջին հերթին թափանցիկությունն ու հաշվետվողականությունն են։
Եսայանը վստահեցնում է՝ տարիների ընթացքում իրենք կարողացել են ապացուցել, որ այն ծրագրերը, որոնք ներկայացնում են, իրագործելի են։
«Team»-ի և ներդրողների միջև ձևավորվող այս կապում կարևոր դեր ունի նաև ֆինանսական միջնորդը։ Պարտատոմսերի բոլոր փուլերի տեղաբաշխողը եղել է «Freedom Broker Armenia»-ն։
«Սա շատ կարևոր քայլ էր։ Եվ նման քայլերն ու համագործակցությունները կարող են օրինակ ծառայել այլ կազմակերպությունների համար էլ, որովհետև դա ազդում է մեր երկրի տնտեսական աճի վրա»։
Հովակիմյանի համոզմամբ՝ «Team Holding»-ի պարտատոմսերի ծրագրի ամբողջական տեղաբաշխումը ցույց է տալիս, որ կապիտալի շուկան կարող է հայկական բիզնեսի զարգացման համար երկարաժամկետ ֆինանսավորման գործուն աղբյուր դառնալ։
«Team»-ի համար, սակայն, այս փուլը ոչ թե վերջնակետ է, այլ զարգացման հերթական քայլը։ Ընկերությունների խմբի ընդլայնման ռազմավարությունն արդեն դուրս է գալիս Հայաստանի սահմաններից։
Միջազգային ընդլայնմանը զուգահեռ «Team»-ում շեշտադրում են նաև Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերի իրականացման կարևորությունը։
Հայկ Եսայանի խոսքով՝ խոշոր ներդրումային նախագծերը կարող են միաժամանակ խթանել տարբեր ոլորտների զարգացումը՝ ստեղծելով փոխկապակցված տնտեսական էֆեկտ։
35 միլիոն դոլարի ներգրավումը «Team Holding»-ի համար նոր ֆինանսավորման հնարավորություն է, բայց նաև՝ ներդրողների վստահության հերթական ցուցիչ։
Ընկերության ռազմավարությունը կառուցվում է բազմաոլորտ զարգացման, կապիտալ ներդրումների, նոր ենթակառուցվածքների և միջազգային ընդլայնման շուրջ։
Իսկ պարտատոմսերի ամբողջական և նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխումը ցույց է տալիս, որ «Team»-ի զարգացման պատմության մեջ ներդրողները պատրաստ են դառնալ ոչ միայն դիտորդ, այլև այդ պատմության մասնակից։
Մանրամասները՝ տեսանյութում։
