Բյուջեի պակասուրդի համար Հայաստանը 250 մլն եվրոյի վարկ կվերցնի – armeniatoday.am

Հայաստանի կառավարությունը մտադիր է 250 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ Զարգացման ֆրանսիական գործակալությունից (AFD)։ Համաձայնագրի նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։

250 մլն եվրոյի բյուջետային աջակցությունը AFD-ի և Ասիական զարգացման բանկի (ADB) համաֆինանսավորմամբ իրականացվող եռամյա ծրագրի առաջին ենթածրագրի մաս է։ Նախագծի համաձայն՝ ADB-ի կողմից նախատեսվում է նաև մինչև 250 մլն դոլարի համաֆինանսավորում։

Զարգացման ֆրանսիական գործակալության 250 մլն եվրո վարկը տրամադրվելու է բյուջետային աջակցության նպատակով և ուղղվելու է 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։ Կառավարությունից նշել են, որ միջոցների ժամանակին ստացումը կարևոր է բյուջեով նախատեսված ծախսերը ֆինանսավորելու համար։

Ըստ հիմնավորման՝ եռամյա ծրագիրը նախատեսում է բարեփոխումներ հանրային ֆինանսների և պետական պարտքի կառավարման, ֆինանսական շուկաների ու մասնավոր հատվածի զարգացման ոլորտներում։ Կառավարության ներկայացմամբ՝ նպատակներից մեկն արտաքին ֆինանսավորումից Հայաստանի կախվածության նվազեցումն է։

Վարկը տրամադրվելու է 20 տարով՝ հինգ տարվա արտոնյալ ժամկետով։ Դրանից հետո մայր գումարը կմարվի 15 տարվա ընթացքում՝ տարին երկու անգամ կատարվող 30 հավասար վճարումներով։

Վարկի տոկոսադրույքը դեռ հայտնի չէ․ Հայաստանը կարող է ընտրել ֆիքսված կամ փոփոխվող տոկոսադրույք, իսկ դրա վերջնական չափը կորոշվի համաձայնագրի ստորագրումից 10 օր առաջ։

Բացի տոկոսներից, նախատեսված են նաև լրացուցիչ վճարներ։ Վարկի գնահատման համար Հայաստանը պետք է վճարի ամբողջ գումարի 0,5%-ը՝ 1,25 մլն եվրո, և ևս 0,5%՝ 1,25 մլն եվրո, որպես միանվագ միջնորդավճար։ Եթե վարկի մի մասը համաձայնագրի ստորագրումից վեց ամիս անց դեռ ստացված չլինի, չստացված գումարի համար կգանձվի տարեկան 0,5% վճար։

Կարդացեք նաև՝

Հայաստանի պետական պարտքը կազմել է 13,9 մլրդ դոլար․ Հովհաննիսյան

Հայաստանը Համաշխարհային բանկից և ԱԶԲ-ից շուրջ 350 մլն դոլարի վարկ կվերցնի

Հայաստանի պետական պարտքը 3 ամսում ավելացել է 11 մլրդ դրամով

Leave a Comment