Հանուն համայնքի ու դպրոցի է արել. ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր Opel-ը ՊՈԱԿ-ին 2 մլն-ով վարձով տալու մասին

Հանուն համայնքի ու հանուն դպրոցի է արել, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ անդրադառնալով եղբորը պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան պետությանը 2 մլն դրամով վարձակալության տրամադրելու հարցին։

Հիշեցնենք, որ երեկ «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ ըստ որի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրը՝ ավագանու անդամ հանդիսացող Տիգրան Համբարձումյանը, իր 300.000 դրամանոց «Opel» մակնիշի ավտոմեքենան 2 միլիոն դրամով վարձակալության է հանձնել ՊՈԱԿ-ին: Ըստ սահմանված ամենօրյա գրաֆիկի՝ «Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին մեքենայով պետք է տեղափոխեն Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի դպրոցներ և ՆՈՒՀ-եր։

Կարեն Համբարձումյանը շեշտեց՝ մրցույթ է տեղի ունեցել, իր եղբայրն էլ մասնակցել և հաղթել է։

«Տարեկան 2 միլիոն  դրամը ամսական կազմում է 150 հազար դրամ՝ օրական 5000 դրամ։ Եթե որևիցե մեկին կգտնեք, որ իր մեքենան կտրամադրի օրական 5000 դրամով, խնդիր չկա, բոլորի համար մրցույթը բաց է եղել, և բոլորն իրավունք ունեին մասնակցելու։ Եթե որևիցե մեկին ձեռնտու լիներ կամ լավ գին լիներ օրը 5000 դրամով այդ ծառայությունը իրականացնելը՝ կգային, կմասնակցեին։

 Եղբայրս հանուն մեր համայնքի է արել։ 300 հազար դրամանոց մեքենայի վրա մոտավորապես մի այդքան էլ, մի քիչ ավելի գումար է ծախսել, որ իրականացվեր այդ ծառայությունը»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը։

նա միաժամանակ հավաստիացրեց՝ երեկ մամուլից եմ իմացել, որ նման բան է տեղի ունեցել։

«Տեղյակ չեմ եղել, որ ինքը նման ծառայություն է մատուցում։ Խոսել եմ իր հետ։ Հանուն համայնքի ու հանուն դպրոցի է արել: Այսօր ցանկացած տաքսի 5000 և ավելի գումար է աշխատում, իսկ օրական 5000 դրամով այդ ծառայությունը մատուցելը հանուն համայնքի ու դպրոցի է։ Այդտեղ որևիցե արտառոց բան չկա։ Եթե հենց հիմա մի մասնակից լինի, պատրաստ ենք հրաժարվել, որովհետև ընդհանրապես այդ աշխատանքն ու ծառայությունը ոչ ձեռնտու ծառայություն է»,- ասաց Կարեն Համբարձումյանը։ 

Leave a Comment