Մարդը՝ բացարձակ արժեք. Սուրենյանցի «Լքյալը» և հայ արվեստի հումանիստական ավանդույթները. «Վերնատուն»

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հերթական առանձնահատուկ ցուցադրությունը. ներկայացված է Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցը, որը Հայաստան է բերվել Ալմա Աթայի արվեստի պետական թանգարանից և 130 տարի անց առաջին անգամ է ցուցադրվում մեր երկրում։

«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի շրջանակում մեկ հարթակում ներկայացված է ինչպես Սուրենյանցի եռապատումը, այնպես էլ հայկական արվեստում հումանիստական մտածողությունը զարգացնող այլ արվեստագետների ստեղծագործություններ։

Ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար և նախագծի համադրող Վիգեն Գալստյանը, անդրադառնալով «Լքյալը» կտավի պատմաաշխարհագրական ուղուն, առանձնահատկությանն ու խորհրդին, նշում է. ««Լքյալը» համարում եմ հեղափոխական աշխատանք ոչ միայն հայ արվեստի պատմության շառավղում, այլև ռուսական ու եվրոպական։ Սուրենյանցը ստեղծագործում էր արևմտաեվրոպական ժամանակակից արվեստի տրամաբանությամբ։ Այստեղ նա առաջին անգամ անդրադառնում է իր ժամանակաշրջանի քաղաքական իրողություններին՝ քաղաքականացնելով Արևելքի պատկերը, և սկսում է խոսել շատ ավելի գլոբալ, համամարդկային խնդրի՝ մարդու իրավունքների մասին։ Նա բարձրացնում է այն հարցը, թե ով է մարդը, և որպես արվեստագետ պահանջ է ներկայացնում հանրությանը՝ մարդուն դիտարկել որպես բացարձակ արժեք՝ անկախ նրա սոցիալական, ազգային կամ կրոնական պատկանելությունից»։

Ըստ համադրողի՝ ցուցադրված հայ արվեստագետների գործերում առաջնայինը այն պատմություններն ու արժեքներն են, որոնք օգնում են ապրել և հիշեցնում են կյանքի հմայքի մասին՝ փոքր-ինչ իդեալականացված ոսպնյակի միջով, որտեղ տիրում է հոգատարության քաղաքականությունն ու սերը։ «Այս ուղերձներն ու գաղափարները առավել քան ակտուալ են այսօր, երբ դրանք կարծես օրեցօր մաշվում են, և մենք մոռանում ենք հոգատարության քաղաքականության մասին։ Ցուցահանդեսը հենց այն մասին է, որ մեր արվեստագետները դեռ 19-րդ դարից սկսած փորձում են հիշեցնել այդ մասին»,- եզրափակում է Վիգեն Գալստյանը։

Leave a Comment