Սա քաղաքականացված գնահատական է. նախարարը՝ ՌԴ-ի կողմից «Firebird AI» գործարանը հետախուզական որակելու մասին

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը քաղաքականացված է համարում այն խոսակցությունները, որ Firebird ընկերության AI Factory արհեստական բանականության գործարանը հետախուզական տեղեկությունների կուտակիչ է դառնալու։

ԱԺ-ում լրագրողների հետ այսօրվա զրույցում նախարարը շեշտեց՝ սա քաղաքականացված գնահատական է, և նման գործարանները ենթակառուցվածքային նշանակություն ունեն։

«Նման գործարաններն այսուհետ ենթակառուցվածքային նշանակության են։ Ցանկացած հաշվիչ, հաշվողական ռեսուրս պահանջող խնդիր օգտագործվելու է այդպիսի կառույցների, այդպիսի միավորների օգտագործմամբ։ Նույնիսկ ավտոեքենան նույնպես կարելի է օգտագործել հանցագործություն կատարելու համար։ Բայց մի՞թե ողջամիտ է այդ դեպքում սահմանափակել կամ արգելել մեքենաների շահագործումը»,- համեմատեց նախարարը։

Դավիթ Փադևոսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ նոյեմբերին նախատեսում է ասուլիս հրավիրել և պատասխանել լրատվամիջոցներին հետաքրքրող բոլոր հարցերին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ որքա՞ն գումար է ներդրվել AI Factory-ի ստեղծման համար և ում կողմից, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ ներդրումներն իրականացվել են հայկական բանկերի կոնսորցիումի կողմից, սակայն չհայտնեց հստակ գումարի չափը։

Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցների հնարավոր օգտագործմանը, Թադևոսյանը առաջարկեց դա պարզել ֆինանսավորող կազմակերպություններից։

Leave a Comment