ՀՀ-ում քաղաքականացված են անվանել «Россия 24»-ի գնահատականը Firebird AI-ի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը քաղաքականացված է անվանել ռուսական «Россия 24» հեռուստաալիքի գնահատականը Հրազդանում բացված Firebird AI արհեստական բանականության գործարանի հնարավոր հետախուզական նշանակության մասին։

Նրա խոսքով՝ օբյեկտի հետ կապված սպառնալիքների մասին պնդումները մնում են շահարկումների դաշտում, քանի դեռ դրանք հաստատող փաստեր չեն ներկայացվել։

«Կարծում եմ՝ դա քաղաքականացված գնահատական է։ Նման գործարաններն ենթակառուցվածքային նշանակություն ունեն։ Ցանկացած հաշվողական ռեսուրս պահանջող խնդիր լուծվում է այդպիսի կառույցների օգտագործմամբ»,- լրագրողների հարցին պատասխանել է Թադևոսյանը։

Նախարարը հնարավոր հետախուզական նպատակներով հաշվողական ենթակառուցվածքի օգտագործումը համեմատել է հանցագործություն կատարելու համար ավտոմեքենայի օգտագործման հետ։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիան այս կամ այն նպատակով օգտագործելու հնարավորությունը հիմք չէ դրանից հրաժարվելու համար։

Լրագրողները Թադևոսյանին հարցրել են նաև ամերիկյան հատուկ ծառայությունների՝ մշակվող տվյալներին հնարավոր հասանելիության և այն ռիսկի մասին, որ օբյեկտը կարող է օգտագործվել երրորդ երկրների դեմ և արդյունքում ինքն էլ դառնալ հնարավոր թիրախ։

«Ցանկացած այդպիսի շահարկում կարող է լինել, կարող է չլինել։ Դա քաղաքականացված է, դա լուրջ չէ։ Ես չէի ուզենա ոչ ձեր ժամանակը, ոչ էլ մեր հարգելի քաղաքացիների ժամանակը ծախսել շահարկումների վրա»,- ասել է նախարարը։

Այն բանից հետո, երբ լրագրողները հստակեցրել են, որ պնդումները հնչել են ռուսական պետական հեռուստաալիքի ռեպորտաժում, Թադևոսյանը հայտարարել է, որ դրանք մնում են «տեսական շահարկումների դաշտում»։

«Ներկայացնեն փաստեր, սիրով նստենք, քննարկենք, հասկանանք։ Բայց մինչև հիմա՝ «կարող է լինել-կարող է չլինել» շահարկումներ են»,- ասել է նա։

Ավելի վաղ «Россия 24»-ը Firebird AI-ի մասին ռեպորտաժում Հայաստանում տեղակայված տվյալների մշակման կենտրոնն անվանել էր «հետախուզական ենթակառուցվածք»։ Հեռուստաալիքի եթերում ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը պնդել էր, որ օբյեկտը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի շահերից ելնելով, այդ թվում՝ Իրանի և Ռուսաստանի ուղղությամբ։ Նա նաև հայտարարել էր, որ նախագծում օգտագործվող NVIDIA չիպերը կիրառվում են ամերիկյան հետախուզական համալիրներում։

Ռեպորտաժում նաև պնդում էին, որ ամերիկյան ընկերությունների սերվերներում մշակվող տվյալները կարող են հասանելի լինել ԱՄՆ հատուկ ծառայություններին։ Հեղինակները դա կապել էին ամերիկյան CLOUD Act-ի հետ և ենթադրել, որ Հայաստանում խոշոր հաշվողական կենտրոնի տեղակայումը կարող է ընդլայնել ԱՄՆ-ի հետախուզական հնարավորությունները տարածաշրջանում։

Ռեպորտաժում անդրադարձել էին նաև տարածաշրջանային հակամարտության դեպքում տվյալների կենտրոնի հնարավոր թիրախ դառնալու ռիսկին։ Հեռուստաալիքի եթերում քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը հայտարարել էր, որ նման կենտրոնները կարող են նաև ռազմական IT ենթակառուցվածքի մաս կազմել։

«Россия 24»-ն անդրադարձել էր նաև Հայաստանի էներգահամակարգի վրա նախագծի հնարավոր ազդեցությանը։ Հեռուստաալիքը պնդել էր, որ 300 ՄՎտ հզորության հասնելու դեպքում կենտրոնի էլեկտրաէներգիայի սպառումը կարող է կազմել Հայաստանի ձմեռային պիկային սպառման մոտ մեկ քառորդը։ Որպես մեկ այլ ռիսկ՝ ռեպորտաժում մատնանշվել էր Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մի մասի կախվածությունը ռուսական գազից։

Firebird AI-ն Հրազդանում արհեստական բանականության գործարանը պաշտոնապես բացել է օգոստոսի 8-ին։ Նախագիծն իրականացվում է NVIDIA-ի տեխնոլոգիաների կիրառմամբ։ Առաջին փուլում հայտարարված ներդրումների ծավալը գերազանցում է $500 մլն-ը։

Ճեպազրույցի ընթացքում Թադևոսյանը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն անմիջական ներդրում չի կատարել նախագծում։

«Նախ՝ Միացյալ Նահանգները ներդրում չեն արել։ Հայաստանի բանկերի կոնսորցիում է, և այդ փաստի մասին հպարտությամբ պետք է խոսել»,- ասել է նախարարը։

Ներդրումների ճշգրիտ ծավալի և աշխատատեղերի թվի մասին հարցին Թադևոսյանը պատասխանել է, որ տվյալները կճշտի Firebird-ից։ Կուտակային կենսաթոշակային հիմնադրամների միջոցները նախագծի ֆինանսավորման համար հնարավոր օգտագործելու վերաբերյալ հարցը նա առաջարկել է ուղղել ֆինանսավորող կազմակերպություններին։

Leave a Comment