ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգից հանվեց «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ նախագծի քննարկումը հետաձգում են։
«Ոլորտի փորձագետների հետ նախնական քննարկում ենք ունեցել, պայմանավորվել ենք, որ այդտեղ որոշակի լրացուցիչ քննարկման հարցեր կան։ Խոստացել ենք, երբ որ նախագիծը վերջնական տեսքտի կբերվի, իրենց հետ համաձայնության կգանք ու նոր կքննարկենք հանձնաժողովում։ Այսինքն՝ մենք էլ ենք ընդունում, որ այս նախագծում որոշակի շտկելու բաներ կան»,- ասաց նա։
Բաբկեն Թունյանը միաժամանակ նշեց, որ նախագծով կարգավորումները բավականին երկար ժամանակ են քննարկվել՝ 2-3 տարի։
«Բացի ստվերի դեմ պայքարից՝ նաև անվտանգային խնդիր է լուծվում այս նախագծով, փորձ է արվում Հայաստանի բաժանորդներին պաշտպանել գողացված, օգտագործված, բայց նորի տեղ ներկայացվող հեռախոսներից։ Հետաձգելու որևէ հետին միտք չկա. մի բան, որը շատ մարդկանց կյանքի վրա է ազդում՝ պետք է մանրամասն ու հնարավորինս հրապարակային քննարկվի»,- ասաց նա։