Թուրքիայից С-400 համակարգերի հնարավոր տեղափոխման թեման գտնվում է օրակարգում. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է համաձայնել С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մի երկիր, որը Մոսկվայի հետ կգտնվի բարեկամական հարաբերությունների մեջ:
«Նման թեմա կա օրակարգում, իրականացվում է համապատասխան աշխատանք և ընթանում են համապատասխան շփումներ»,- ասել է Պեսկովը։
2017 թվականին Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանագիր էր կնքել С-400-ի գնդային լրակազմի մատակարարման վերաբերյալ, որը ստացել էր 2019 թվականի ամռանը և աշնանը: Ընդ որում, ԱՄՆ-ն պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան չգնաց դրան: Որպես պատիժ՝ Վաշինգտոնը Թուրքիային հեռացրեց նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից և CAATSA օրենքի համաձայն պատժամիջոցներ սահմանեց ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավարների նկատմամբ:
