Այս նախագիծը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները. Տիգրան Աբրահամյան


Քաղաքականություն


«Մենք ունենք ՊԵԿ՝ հարկային ու մաքսային ծառայություններ, որոնք, ըստ պետության, բավական լավ են  աշխատում։ Օրինակի համար, 2025 թվականին պլանով 5.3 միլիարդ պարգևավճար պետք է ստանային, ստացել են 6.6 միլիարդ»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ 

Նա նշեց, որ նախատեսված շատ պարգևավճար ստանալը նշանակում է, որ, ըստ պետության, ՊԵԿ-ը շատ-շատ լավ է աշխատել, պարգևավճարի ֆոնդը 20-30 տոկոսվ ավելացել է։

«Հարց է առաջանում՝ եթե ՊԵԿ-ը լավ է աշխատում, ինչո՞ւ ենք մենք քաղաքացիներին փորձում սահմանափակել, կամ ստեղծել օպերատորներից վեր գտնվող մի կառույց, որը անձնական տվյալներ է հավաքագրելու, փաստացի որոշակի անվտանգային ֆունկցիաներ է իրականացնելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

Նա նաև ընդգծեց, որ անձնական տվյալների հավաքագրման մասով բազմաթիվ ռիսկեր կան, IMEI կոդ ունենալը հնարավորություն է ընձեռում նույնականացնել քաղաքացիներին, վերահսկել տեղաշարժը։ 

«Անվտանագային, ֆիսկալ առումով որևէ տրամաբանություն չենք տեսնում, բացի նրանից, որ այս օրենքը նպատակ է հետապնդում ստանալ քաղաքացիների անձնական տվյալները, որը պոտենցիալ հնարավորություն է  ընձեռում այդ տվյալներն ընդդեմ տվյալ քաղաքացու իրավունքների և ազատությունների օգտագործել»,- ասաց Տ.Աբրահամյանը։ 


Leave a Comment