Միացյալ Նահանգները «շատ մոտ է» Իրանի հետ համաձայնագրի կնքմանը, որը երկարաժամկետ հեռանկարում կլուծի Թեհրանի միջուկային ծրագրի հարցը, CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Վաշինգտոնի նպատակն է հասնել մի գործարքի, որը բխում է ԱՄՆ տնտեսական շահերից և երաշխավորում է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Նա նշել է, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել ինչպես առաջիկա շաբաթվա ընթացքում, այնպես էլ ամիսներ անց՝ մինչև միջանկյալ ընտրությունները:
Նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, որ բանակցությունները մոտենում են ավարտին: Այնուամենայնիվ, իրավիճակը սրվել է Հորմուզի նեղուցի մոտ տեղի ունեցած միջադեպի պատճառով, որտեղ, ըստ Թրամփի, իրանական կողմը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռը:
Ուղղաթիռի անձնակազմի երկու անդամները փրկվել են ծովային անօդաչու սարքի միջոցով (ԱՄՆ զինուժի պատմության մեջ առաջին նման գործողությունը) և չեն տուժել։
Վենսը նշել է, որ ամերիկյան վարչակազմը չի հենվում Թեհրանի հանդեպ վստահության վրա, այլ ապավինում է բանակցային սեփական ուժին և համաձայնագրի կատարման վերահսկման խիստ մեխանիզմներին:
Ավելի վաղ լրատվամիջացները հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին առանձին բանակցություններ են անցկացրել միջնորդների հետ։
Սեպտեմբերի 23-ին Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ Կատարի միջնորդությամբ քննարկումների ժամանակ, ԱՄՆ-ին էր փոխանցել դիվանագիտական գործընթացը վերսկսելու իր պայմանները։
