ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին զենք մատակարարող 13 անձի ու ընկերության

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն ու Պետդեպարտամենտը նոր պատժամիջոցներ են սահմանել 13 անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք տեղակայված են Ռուսաստանում, Չինաստանում, Հոնկոնգում և Պակիստանում, փոխանցել է Reuters-ը։

Ըստ Վաշինգտոնի՝ նրանք աջակցել են Իրանին զենքի և ռազմական բաղադրիչների ձեռքբերման հարցում։

Սահմանափակումներն ուղղված են Թեհրանի ռազմական ծրագրերը վերականգնելու կարողությունները թուլացնելուն: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հանդուրժի որևէ աջակցություն Իրանի ռեժիմին։

Պատժամիջոցները կտարածվեն մասնավորապես՝

-Պեկինում Իրանի ՊՆ ներկայացուցիչ Սեյեդ Ասղար Ալիզադե Թաբաթաբայի,

-Իրանական Kavoshcom Asia հետազոտական խմբի,

-Հոնկոնգի EC Mojo Technology ընկերությանը և նրա ներկայացուցիչ Լի Ֆենի,

-Պակիստանյան Cavalier Group պաշտպանական ընկերության ղեկավար Վասիմ Փաշա Թաջամալի,

-Ռուսական «Յակովլևի անվան փորձնական-կոնստրուկտորական բյուրոյի»,

-«ՄԳ-Ֆլոտ» նավագնացային ընկերության,

-Իրանական Saha Airlines ավիաընկերության վրա։

Ոլորտի մասնագետների մի մասը թերահավատորեն է վերաբերվում քայլերի արդյունավետությանը։  Obsidian Risk Advisors-ի փորձագետ Բրեթ Էրիկսոնի խոսքով՝ այս պատժամիջոցները էապես չեն ազդի Հորմուզի նեղուցում հրթիռներ և անօդաչուներ կիրառելու Իրանի կարողությունների վրա։

Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ավիացիոն ոլորտին աջակցող ընկերությունների դեմ։ Օգոստոսին Վաշինգտոնն սկսել էր «Տնտեսական վտարանդի» (Economic Outcast) գործողությունը, որի նպատակն Իրանի ֆինանսական մեկուսացման ուժեղացումն է։ Բեսենթը սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավին ԵՄ-ի աջակցության մասին։

Չնայած Թեհրանին տնտեսապես մեկուսացնելու նոր ալիքին, Հայաստանը պահպանում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ։

Leave a Comment