Դուբայից Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի ինքնաթիռը, որն արտակարգ ազդանշան էր տվել և փոխել ուղղությունը, վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք օդանավակայանում։
Իսրայելական անվտանգության աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպը, ամենայն հավանականությամբ, կապված է օդանավի օդաչուների միջև տեղի ունեցած վեճի հետ։ Ինքնաթիռը փոխանցել էր «ապօրինի միջամտության» և ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշաններ, ինչի հետևանքով սկզբում առևանգման կասկած էր առաջացել։
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը միջադեպի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Օմեր Տիշլերի մասնակցությամբ։
Ավելի վաղ հնարավոր սպառնալիքի պատճառով Իսրայելի ռազմաօդային ուժերը կործանիչներ էին օդ բարձրացրել։ Սակայն հետագայում առևանգման վարկածը բացառվել է։
