Փարիզի Էյֆելյան աշտարակը կառավարող SETE ընկերության ղեկավար Պատրիկ Բրանկո Ռուվիոն հայտարարել է, որ տարեվերջին լքելու է պաշտոնը։ Նրա հեռանալու որոշումը հաջորդում է ընկերությունում առաջացած դժգոհությանը՝ կապված հնդկական կրոնական BAPS խմբի անդամների այցի ժամանակ կին աշխատակիցների նկատմամբ սահմանափակումների կիրառման հետ։
SETE-ի հաղորդմամբ՝ Բրանկո Ռուվիոն, որը ընկերությունը ղեկավարում էր 2018 թվականից, պաշտոնը կթողնի այս տարվա վերջին։
Ընկերության անցկացրած ներքին քննության արդյունքում պարզվել է, որ այցի կազմակերպման ընթացքում թույլ են տրվել մի շարք «աշխատանքային բացթողումներ», որոնց հետևանքով այցելուների սպասարկման ժամանակ կին աշխատակիցները մեկուսացվել են։ SETE-ն այս մոտեցումն անընդունելի է համարել։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, երբ Էյֆելյան աշտարակ է այցելել հնդկական BAPS կրոնական կազմակերպության շուրջ 100 անդամ։
BAPS-ը կրոնական շարժում է, որի ավանդույթների համաձայն՝ միջոցառումների և կրոնական արարողությունների ժամանակ կանայք ու տղամարդիկ պետք է առանձին գտնվեն։ Այդ պատճառով կազմակերպության տաճարներում գործում են նաև առանձին մուտքեր կանանց և տղամարդկանց համար։
SETE-ի պարզաբանմամբ՝ BAPS-ի պատվիրակությունը խնդրել էր այցը կազմակերպել այնպես, որ «կանանց հետ շփումները» հնարավորինս սահմանափակվեն։ Սակայն ընկերությունը հետագայում ընդունել է, որ նման պահանջներին համաձայնել չէր կարելի։
Էյֆելյան աշտարակի աշխատակիցների արհմիության ներկայացուցիչների խոսքով՝ կին աշխատակիցներից պահանջվել է լքել իրենց աշխատատեղերը, ինչի հետևանքով նրանք իրենց նվաստացած են զգացել։ Աշխատակիցները նաև հայտնել են, որ իրենց հանձնարարվել էր չանցնել որոշակի տարածքներով այն ժամանակ, երբ այնտեղ էր գտնվում BAPS-ի պատվիրակությունը։
Դեպքը դժգոհության և բողոքի պատճառ է դարձել Էյֆելյան աշտարակի աշխատակիցների շրջանում։ Նրանք գործադուլ են հայտարարել՝ բողոքելով ղեկավարության ընդունած որոշումների դեմ, ինչի հետևանքով աշտարակը ժամանակավորապես փակվել է այցելուների համար։
