Կառուցապատողը պարզաբանել է շինհրապարակում երեք անձանց մահվան հանգամանքները

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը, որը «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի կառուցապատողն է, հայտարարել է, որ սեպտեմբերի 29-ին երեք անձի մահվան պատճառ դարձած դեպքը տեղի է ունեցել ոչ թե շինարարական աշխատանքների, այլ աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ կռունկը պատկանել է շինարարական աշխատանքներն ավարտած կապալառու ընկերություններից մեկին, իսկ մահացած երեք անձինք «Դեֆանս Հաուզինգ Ինվեստի» աշխատակիցներ չէին։

Կառուցապատողը պարզաբանել է, որ պայմանագրային հարաբերությունների մեջ է շինարարական աշխատանքներ իրականացնող տասնյակ կազմակերպությունների հետ։ Դրանցից յուրաքանչյուրն իրեն հատկացված տեղամասում սեփական աշխատակիցներով մասնագիտացված աշխատանքներ է իրականացնում և պատասխանատու է աշխատանքների կազմակերպման, կատարման ու անվտանգության նորմերի պահպանման համար։

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստը» ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և հարազատներին՝ նշելով, որ շահագրգռված է դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և համագործակցում է իրավասու մարմինների հետ։

Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով 3 անձ է զոհվել։ ՔԿ-ն շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու երեք դրվագով քրեական վարույթ էր նախաձեռնել։

Leave a Comment