Խաչատրյանի պաշտպանները հայտնել են նրա կալանքը բողոքարկելու անհնարինության մասին

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումից 27 օր անց նրան և պաշտպանական թիմին դեռևս չի տրամադրվել խափանման միջոցի վերաբերյալ դատարանի պատճառաբանված որոշումը, հայտնել են Խաչատրյանի փաստաբանները։

Պաշտպանների խոսքով՝ որոշումը չստանալու պատճառով իրենք չեն կարող հատուկ վերանայման բողոք ներկայացնել և փաստացի զրկված են Խաչատրյանի կալանավորումը բողոքարկելու հնարավորությունից։

«Դատարանի կողմից կալանավորման որոշումը չտրամադրելով՝ Գագիկ Խաչատրյանն արդեն 27 օր զրկված է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքից օգտվելուց»,- ասված է պաշտպանական խմբի հայտարարությունում։

Փաստաբանները տեղի ունեցածը գնահատել են որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում։

Սեպտեմբերի 2-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել էր 71-ամյա Խաչատրյանին՝ բավարարելով Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Ըստ պաշտպանների՝ քննիչը որպես կալանքի հիմքեր նշել էր քննությունից խուսափելու, վարույթին խոչընդոտելու կամ նոր հանցանք կատարելու ռիսկերը։

Պաշտպանական կողմը պնդում է, որ այդ հիմնավորումները անհիմն են՝ վկայակոչելով Խաչատրյանի առողջական վիճակը։ Փաստաբանները նաև հիշեցրել են, որ հունիսի 5-ին և 7-ին քննչական մարմինը ևս միջնորդել էր կալանավորել Խաչատրյանին, սակայն դատարանը երկու դեպքում էլ մերժել էր միջնորդությունները։

Նրանց խոսքով՝ հունիսի 5-ից մինչև սեպտեմբերի 2-ը Խաչատրյանը չի փորձել թաքնվել քննությունից, խոչընդոտել վարույթին կամ նոր հանցանք կատարել։

Խաչատրյանը ներկայում պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Պաշտպանները հայտարարել են, որ այնտեղ բացակայում են հաշմանդամություն ունեցող անձի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև Խաչատրյանին թույլ չեն տալիս իր ընտրած բժշկի կողմից զննվել։

Պաշտպանական խումբը նաև հայտնել է, որ Խաչատրյանի անունից դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով նրա ձերբակալությունների և կալանավորման օրինականությունը, ինչպես նաև դատական ստուգման արդյունավետությունը։

Ըստ փաստաբանների՝ դիմումում նշվել է, որ Խաչատրյանի ձերբակալություններն իրականացվել են «կամայական և անհամաչափ կերպով»։ Պաշտպանները պնդում են, որ, չնայած շտապօգնության երկու խմբերի՝ նրան տեղափոխելու անթույլատրելիության և հոսպիտալացման անհրաժեշտության վերաբերյալ գնահատականներին, Խաչատրյանին պատգարակով տեղափոխել են Քննչական կոմիտե, ապա՝ դատարան։

Պաշտպանական կողմը ՄԻԵԴ-ին ներկայացրած դիմումում ևս պնդել է, որ այս հանգամանքներով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքները։

Leave a Comment