«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ

«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածինը հայտնում է․ «Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենին, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնին և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Աշոտ Թունյանի։
Հյուրերը Հայաստան են ժամանել հոկտեմբերի 2–3-ը Երևանում կայանալիք Աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով և այդ առիթով այցելել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ի մոտո ծանոթանալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու հոգեփրկչական և ազգապահպան առաքելությանը, ընդգծվեց նրա բացառիկ դերակատարությունը հայ ժողովրդի հոգևոր մշակույթի, ազգային ինքնության կերտման ու պահպանության գործում։
Զրուցակիցները կարևորեցին անհատի և հասարակության կյանքում հավատքի ու հոգևոր արժեքների դերը, ինչպես նաև երիտասարդների և մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությունն ու եկեղեցական կյանքին նրանց գործուն մասնակցությունը՝ իբրև հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման և խաղաղ ապագայի կերտման գրավական»։

Leave a Comment