«Չգիտես՝ քո՞նն է, թե՞ ոչ»․ ինչպե՞ս է Տիգրանաշենն ապրում անորոշության պայմաններում

Տիգրանաշենի բնակիչները տասնամյակներ շարունակ այստեղ տներ են կառուցել, երեխաներ մեծացրել և տնտեսություն ստեղծել, սակայն այսօր սահմանազատման շուրջ անորոշության պատճառով նրանցից ոմանք չեն շտապում անգամ վերանորոգել սեփական տները։ Armenia Today-ի հետ զրույցում նրանք պատմել են, թե ինչպես է գյուղի հնարավոր ապագայի շուրջ անորոշությունն ազդում իրենց առօրյայի և ծրագրերի վրա։

Համայնքը գտնվում է Արարատի մարզում՝ Երևանը Հայաստանի հարավին և Իրանին կապող միջպետական ճանապարհի անմիջական հարևանությամբ։ Գյուղն Արարատ խոշորացված համայնքի կազմում է, բնակիչները Հայաստանի քաղաքացիներ են։

Տիգրանաշենը Հայաստանի վերահսկողության տակ է 1990 թվականից։ Այդ տարիներին այստեղ բնակություն են հաստատել նաև Ադրբեջանից բռնի տեղահանված հայ ընտանիքներ։ Նրանցից շատերի համար գյուղը սկզբում ժամանակավոր հանգրվան էր, սակայն տասնամյակների ընթացքում դարձավ մշտական բնակավայր։

Բնակիչները Armenia Today-ի թղթակցին պատմել են, թե ինչպես են ապրում, և ցույց տվել իրենց տները։ Տասնամյակների ընթացքում նրանք այստեղ տներ են կառուցել, կենցաղ հարմարեցրել, մեծացրել մի ամբողջ սերունդ և մինչ օրս ապրել խաղաղության ու հանգստության մեջ։ Զրուցակիցներից միայն մեկն է համաձայնել խոսել տեսախցիկի առջև, մյուսները զրուցել են անանուն։ Բնակիչները նախընտրել են չհրապարակել իրենց անունները։

Բնակչուհիներից մեկն ընտանիքով Տիգրանաշեն է տեղափոխվել Ադրբեջանից՝ Արցախյան շարժման սկսվելուց հետո՝ 1980-ականների վերջին, երբ Ադրբեջանական ԽՍՀ-ում՝ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում, տեղի ունեցան հայերի ջարդեր։ Բաքվում 1990 թվականի հունվարին հայերի ջարդերից հետո քաղաքի հայ բնակիչները զանգվածաբար լքեցին այն։ Հայկական կողմը այդ իրադարձությունները որակում է որպես էթնիկ զտումներ, իսկ Հայաստանում ամեն տարի փետրվարի 28-ին հարգում են Ադրբեջանական ԽՍՀ-ում իրականացված ջարդերի զոհերի հիշատակը։

«90 թվականից ենք եկել այս գյուղը, այն պատմություններից հետո էր, երբ գյուղը վերցրեցին մերոնք։ Փախստականները, որ եկել են, փախստականների առաջին «պատոկի հետ» մենք էլ ենք եկել այս գյուղ»,- Armenia Today-ին պատմել է բնակիչներից մեկը

Մեկ այլ բնակիչ Տիգրանաշեն է տեղափոխվել Վեդիից 1995 թվականին։ «Բնակարանում էի մնում, երեխաներս շատ էին, 4 երեխա ունեի այն ժամանակ, տեղափոխվեցի այստեղ՝ Տիգրանաշեն»,- պատմել է մեկ այլ բնակիչ։

Բնակչուհիներից մեկը Տիգրանաշեն տեղափոխվելն անվանում է ճակատագիր։ Նրա խոսքով՝ նա անկեղծորեն սիրել է այս վայրը և չի պատկերացնում, որ կարող է ապրել որևէ այլ տեղ։

Մեկ այլ բնակչուհի Տիգրանաշեն է տեղափոխվել 1996 թվականին՝ ծնողների հետ։ Սկզբում նրանք ապրում էին եղբոր մոտ, որն ընտանիքով գյուղում էր դեռ 1990-ից։ Հետո նրանց հաջողվեց կողքին սեփական տուն կառուցել։

«Սկզբից եղբայրս ապրում էր կողքի տանը, մինչև սա սարքեցին ժամանակավորի, այսպես ասած, պատրվակով, բայց, ոնց որ հասկացանք, ժամանակավորը դարձավ 36 տարի։ Եկա ու միանգամից սիրեցի այս գյուղը»,- պատմել է նա։

Տիգրանաշենի պատկանելության հարցը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանազատման օրակարգում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղն անվանել է ադրբեջանական անվամբ և հայտարարել, որ դրա պատկանելությունը կորոշվի Ադրբեջանի հետ սահմանազատման արդյունքում։

Անորոշությունը ոմանց ստիպում է զգուշությամբ մոտենալ տան վերանորոգմանը, մյուսներին՝ ապագայի ծրագրերին։

«Տանս պատերը ճաքել են, ոնց որ փլվի արդեն մի կողմը։ Ուզում ես անես, բայց ձեռքդ չի գնում, որովհետև չգիտես՝ քո՞նն է, թե՞ չէ։ Արդեն էդ ուրախությունը չկա, հիասթափվածություն կա»,- ասել է բնակիչներից մեկը։

Այնուամենայնիվ, կյանքը համայնքում շարունակվում է։ Բնակչուհիներից մեկի տան պատերը մինչ օրս մոխրագույն են, բայց բակում ծաղկում է մրգատու այգին։ Այդ այգու մրգերից պատրաստած թթու լավաշով նա հյուրասիրել է Armenia Today-ի թղթակցին։ Նրա խոսքով՝ թեև բնակիչները չգիտեն, թե ինչ է լինելու վաղը, նրանք չեն պատրաստվում լքել տները, որոնք կառուցել են զրոյից։

Միակ բնակչուհին, որը համաձայնել է խոսել տեսախցիկի առջև, Տիգրանաշենում գտել է հանգստություն ու ազատություն։

«Գիշերվա հյուրս շնագայլն է, սարից նապաստակներն են գալիս։ Բայց ես ոչնչից չեմ վախենում։ Ինձ այստեղ ձգել է այն, որ շատ հանգիստ է։ Քաղաքի աղմուկից արդեն հոգնած վիճակ է, այստեղ ազատություն է ապրելու համար»,- ասել է նա։

Տիգրանաշենի բնակիչները գյուղից հեռանալու մասին չեն մտածում։ Գնալու տեղ էլ չունեն։ Պահեստային տարբերակի մասին նրանք չեն էլ ուզում մտածել, քանի որ իրենց ապագան տեսնում են հենց այստեղ, որտեղ անցկացրել են ամբողջ կյանքը։

«Եթե Տիգրանաշենում չլինենք, բա ո՞ւր ենք գնալու, ի՞նչ ենք անելու։ Ոչ մի պլան էլ չկա։ Տղաներս վարձով են ապրում, մենք ուրիշ սեփականություն չունենք»,- ասել է բնակչուհիներից մեկը։

Armenia Today-ի թղթակցի հարցին, թե ինչ կհարցնեին իշխանությունների ներկայացուցիչներին, եթե հնարավորություն ունենային հանդիպել նրանց հետ, Տիգրանաշենի ավագ բնակիչներից մեկը պատասխանում է.

«Մեր այստեղ մնալը ո՞ւմ է խանգարում և ինչո՞ւ։ Այդ հարցին կարո՞ղ եք պատասխանել»,- ասում է նա և հավելում՝ «գնալու տեղ էլ չունենք»:

Հայաստանի իշխանությունները սահմանազատման հիմք են համարում 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով ճանաչված սահմանները, և նրանց մոտեցմամբ Տիգրանաշենը Հայաստանի տարածք չէ։ Ընդդիմադիր գործիչներն ու մի շարք փորձագետներ վիճարկում են այս մոտեցումը՝ պնդելով, որ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անվտանգային շահերն ու բնակիչների իրավունքները։

Այն, որ Տիգրանաշենը Հայաստանի տարածք է, վկայում են նաև պատմական քարտեզները, պնդում է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, ներկայացնելով Armenia Today-ին 1926 թվականի քարտեզը, որը, նրա խոսքով, վավերացրել է ԽՍՀՄ ՆԿՎԴ-ն։

«Հայաստանի մեջ ոչ մի անկլավ գոյություն չունի։ Հայաստանի տարածքն այն ժամանակ 30 948 քառակուսի կիլոմետր էր, այսօր 29 743 քառակուսի կիլոմետր է, այսինքն՝ 1200 կիլոմետրից ավելի պակասել է»,- ասել է Գալչյանը, հավելելով, որ Խորհրդային ավելի ուշ շրջանի քարտեզներում Տիգրանաշենը նշվում է որպես Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածք:

Գալչյանի խոսքով՝ 1969–1971 թվականներին ԽՍՀՄ գլխավոր շտաբի պատրաստած քարտեզները վավերացրել և ստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները, իսկ 1991 թվականին Ալմաթիի հռչակագրից հետո այդ վարչական քարտեզները դարձել են միջազգային սահմանների հիմք։

Քարտեզագետը հարց է բարձրացրել, թե ինչպես կարող էր գյուղը՝ Հայաստանի մայրուղու վրա, տրվել Ադրբեջանին։

«Չգիտես ինչու 10-20 բնակարան ունեցող մի գյուղ՝ Հայաստանի մայրուղու վրա, տրվել է Ադրբեջանին։ Ինչպե՞ս կարելի է, որ ճանապարհը լինի սահման, այսինքն՝ գործածելի չլինի ոչ մեկի, ոչ մյուսի համար։ Եթե մեկը կանգնի ճանապարհի կենտրոնական գծի վրա, մի ոտքը ձախ, մյուսը աջ դնի, մի ոտքը Հայաստանում է, մյուսը՝ Ադրբեջանում»,- ասել է նա։

Գալչյանի խոսքով՝ խորհրդային տարիներին գյուղի ադրբեջանցի բնակիչներն ամբողջությամբ կախված էին Հայաստանից։ Գնումների համար նրանք գնում էին Երասխ կամ Պարույր Սևակ գյուղ, իսկ էլեկտրաէներգիա, ջուր և գազ գյուղին մատակարարում էր Հայաստանի կառավարությունը։

Քարտեզագետը հարց է բարձրացնում, թե ինչպես է այդ ամենը գործելու այսօր։ Նրա խոսքով՝ նույն խնդիրն ունի նաև Արծվաշենը, որտեղ ժամանակին մոտ 4000 հայ էր ապրում։ Եթե այդ գյուղերում ադրբեջանցիներ բնակվեն, նրանք չեն կարողանա ապրուստ վաստակել, քանի որ Հայաստանի սահման մտնելն իրենց համար արգելված է, իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր չեն նրանց էլեկտրաէներգիա և ջուր մատակարարել։

«Իսկ եթե ադրբեջանցին ուզի ճանապարհ ունենալ իր երկրից դեպի այդ տարածքը, դա արդեն նշանակում է, որ մենք հող ենք տալիս Ադրբեջանին։ Սա պիտի կատարվի հանրաքվեով, և չեմ կարծում, որ որևէ հանրաքվեի մասնակից դրան համաձայն կլինի»,- ասել է Գալչյանը։

Քարտեզագետն նաև ընդգծել է, որ ինչու պետք է ՀՀ-ում գյուղն անվանեն ադրբեջանական անվանումով Քյարքի, եթե հենց Ադրբեջանում չեն ընդունում հայկական Արծվաշենի ююююю

«Ադրբեջանցիներն Արծվաշենին այսօր էլ պաշտոնապես Բաշքենդ են ասում։ Չգիտեմ՝ մենք ինչու Քյարքի ենք ասում։ Պետք չէ Քյարքի ասել, Տիգրանաշեն է»,- ասել է Գալչյանը։

Տիգրանաշենի տարածքը մոտ 8 քառակուսի կիլոմետր է, սակայն նրա նշանակությունը պայմանավորված է դիրքով։ Գյուղի անմիջական հարևանությամբ անցնում է Երևանը Հայաստանի հարավային մարզերին և Իրանին կապող կարևոր ճանապարհներից մեկը։ Ուստի Տիգրանաշենի շուրջ քննարկումները վերաբերում են նաև Հայաստանի հյուսիս-հարավ հաղորդակցությանը։

Գյուղի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Այստեղ ապրողների համար սա իրենց տան ու ապագայի հարց է, երկրի համար՝ նաև Հայաստանի հարավի հետ ազատ և անվտանգ կապի։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրագրող՝ Սոնա Խաչատրյան
Օպերատոր՝ Դմիտրի Անտոնով
Սցենարի և տեքստի հեղինակ, ռեժիսոր՝ Անուշ Մովսիսյան

Leave a Comment