ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյաները երկուշաբթի առանձին բանակցություններ են անցկացրել միջնորդների հետ, սակայն մանրամասներ չի ներկայացրել։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է իրանագետ Տիգրան Դավուդյանը։
-Ի՞նչ կարող ենք ակնկալել այս բանակցություններից՝ հակամարտությունը դադարեցնելու հարցով։
-Ինչպես տեղյակ եք, ՄԱԿ-ի տարեկան ասամբլեան էր, և աշխարհի մեծ թվով ղեկավարներ այնտեղ ներկա էին, այդ շարքում՝ նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը և ԱԳ նախարարը: Հիմա նախագահը վերադարձել է Պարսկաստան, բայց ԱԳ նախարարը մնացել է Նյու Յորքում, որպեսզի շարունակի բանակցությունները Թրամփի հատուկ պատվիրակների հետ: Այնտեղ հունիսյան մի շատ լավ համաձայնագիր կար, որը հայտնի է որպես Իսլամաբադի համաձայնագիր: Եվ դա հիմնականում փոխնախագահ Վենսի միջնորդությամբ էր, որ Թրամփն ու Փեզեշքիանն էլ հեռակա կարգով ստորագրեցին այդ համաձայնագիրը: Բայց հետո Իրանի որոշ ծայրահեղականներ դա խախտեցին, և այն չիրագործվեց: Փորձագետների կարծիքով՝ Իսլամաբադի այդ համաձայնագիրը բավականին Իրանի օգտին էր, որովհետև այնտեղ անգամ միջուկային հնարավորությունների սահմանափակման, հրթիռաշինության մասին կետ չկար: Բայց Ամերիկան ընդունել էր դա, ինչպես ասացի, Վենսի պնդումով: Իսկ հիմա Թրամփը չի ընդունում: Իրանն արդեն ուզում է, որ դա իրագործվի, բայց հիմա Թրամփն է նոր կետեր ավելացնում: Ասում է՝ չէ՛, այլևս Իսլամաբադի համաձայնագիրը չեմ ընդունում, պետք է անպայման միջուկային հարցն էլ ավելանա: Ինչպես գիտեք, անցյալ տարի Ամերիկան խիստ կերպով ռմբակոծեց այն կենտրոնները, որտեղ Իրանը ուրան էր հարստացնում։ Իրանը 48 կիլոգրամ հարստացված ուրան ունի, ըստ երևույթին՝ դրանք չի ոչնչացրել: Այդ ուրանը հիմա էլ գոյություն ունի, և Իրանը փոխադրել է մեկ այլ վայր: Միացյալ Նահանգներն էլ այն կարծիքին է, որ ինքն այդ նոր վայրը ևս բացահայտել է․ շատ նշանավոր լեռան տակ է և լավ պատսպարված: Այժմ Թրամփը սպառնում է՝ եթե դուք համաձայնագիր չստորագրեք և միջուկային հնարավորությունները չսահմանափակեք, իրենք հիմա կռմբակոծեն այդ նոր կենտրոնը:
-Արդյո՞ք կարելի է ասել, որ վերականգնվել են բանակցությունները, թե՞ դրանք դեռ լիարժեք չեն։
-Փորձագետների կարծիքով՝ դա այս գիշեր կպարզվի, որովհետև մի կողմից ասում են, որ Արաղչին երկարաձգել է իր կեցությունը Նյու Յորքում, մյուս կողմից էլ իրանցիներն ասում են՝ չէ՛, հենց ժամկետը լրանա, նա տուն կվերադառնա: Բայց իրականությունն ինչ է․ իրականությունն այն է, որ թե՛ Իրանի Իսլամական Հանրապետությունը, թե՛ Միացյալ Նահանգները միմյանց պետք են՝ այն իմաստով, որ Միացյալ Նահանգներում մոտ 40 օր հետո Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են, և Թրամփը մտահոգ է՝ չի կարող պահպանել իր կուսակցության հաղթանակը և կարող են մանդատներ ձեռքից տանել: Իրանը ևս տնտեսական շատ խիստ դժվարության մեջ է: Հիմա, հետաքրքիր է, Հորմուզի նեղուցը շրջափակել է Իրանը, իսկ ամբողջ Պարսից ծոցը շրջափակել է Միացյալ Նահանգները: Այսինքն՝ Իրանը խանգարում է նավթի արտահանմանը, Միացյալ Նահանգները խանգարում է Իրանի ամբողջ ներմուծմանն ու արտահանմանը։ Իրանը հիմա չի կարողանում իր նավթը վաճառել, և դա մեծ խնդիր է, որովհետև արդյունաբերությունը հիմնականում կախվածություն ունի նավթից, և դրա համար տեսնում ենք, որ իրենց ազգային արժույթն ամեն օր արժեզրկվում է: Այսօր արդեն 1 դոլարը 245․000 թուման է, որը նախադեպ չի ունեցել: Միջազգային շուկայում նավթը շատ է թանկացել, որը նպաստել է Միացյալ Նահանգների քաղաքացիների դժգոհությանը, և Թրամփը փորձում է ամեն կերպ այդ հարցին լուծում տալ: Իսկ լուծումն ինչ է․ լուծումն այն է, որ Իրանի հետ «լեզու գտնի», որպեսզի Իրանը նավթի արտահանումը Հորմուզի նեղուցից չխանգարի:
-Արդյո՞ք կլուծվի ամենակարևոր խնդիրներից մեկը՝ Հորմուզի նեղուցի հարցը, հաշվի առնելով, որ և՛ ռուս-ուկրաինական ճակատում, և՛ Հորմուզում այս վիճակը վառելիքի համաշխարհային գների վրա է անդրադարձել ու համաշխարհային խնդիր դարձել։
-Այո, դա նաև զարմանալի է վերլուծաբանների համար, որ Իրանը, որ միշտ նեղուցը համարում էր իր ատոմային ռումբը… Եթե հիշեք, Մեդվեդևն էլ, որ այցելել էր Թեհրան, իրանցիներին ասել էր, որ Հորմուզի նեղուցը ձեզ համար ատոմային ռումբ է: Բայց հիմա Իրանը, ինչպես նշեցի, շատ նեղն է, ասել է՝ եթե ԱՄՆ-ն իրենց պայմաններն ընդունի, մեկ շաբաթով արդեն բոլոր հարցերը կլուծեն, և մեկ շաբաթվա ընթացքում արդեն նեղուցը լրիվ բաց կլինի նավարկության համար: Գիտեք, որ այդ մեկ շաբաթը նշանակում է ականազերծում, քանի որ իրանցիները Հորմուզի նեղուցն ականապատել են, որպեսզի նավեր չանցնեն:
-Հաշվի առնելով, որ այս «խաղում» նշանակալից դեր է ունեցել Իսրայելը, արդյո՞ք նա այժմ կա բանակցություններում, և նրա դերն ինչպե՞ս կգնահատեք։
-Շատ կարևոր հարց եք մատնանշում, որովհետև Իսրայելն էլ ունի իր մեծ և բարդ խնդիրները: Հոկտեմբեր ամսին նաև Իսրայելի խորհրդարանական ընտրություններն են: Գիտեք, որ Իսրայելն էլ Հայաստանի նման հիմա խորհրդարանական հանրապետություն է, և Բենյամին Նաթանյահուն շատ մտահոգ է իր վերընտրվելու համար: Նա ևս մտածում է, թե ինչպիսի ելքեր գտնի, որպեսզի ինքը վերընտրվի: Այսօրվա լուրերին հետևելով՝ գիտենք, որ Նաթանյահուն իր հատուկ ծառայությունների՝ Մոսադի ղեկավարի հետ երեկ գաղտնի այց է կատարել ԱԷՄ: Արաբներն էլ գաղտնի չեն պահել և հայտարարել են՝ այո՛, նման այց տեղի է ունեցել: Այսինքն՝ Իսրայելը ևս ուզում է, որ ամեն գնով այդ հարցին կարողանա լուծում տալ և նաև արաբական երկրների համակրանքը շահի, որպեսզի վերընտրվի: Իհարկե, փորձագետներն այն կարծիքին են, որ Իսրայելում որ ուժն էլ ընտրվի, ունենալու է հակատրամադրվածություն Իրանի հանդեպ։ Այսինքն՝ այնպես չէ, որ Իսրայելում կարող է մի ուժ ընտրվել, որը պրոիրանական լինի․ դա բացառվում է:
Լիլիթ Աբրահամյան
