«Ռոսատոմը» ՀՀ կառավարությանը 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման առաջարկ է արել

«Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանը կոնկրետ առաջարկ է ներկայացրել առնվազն 1 ԳՎտ հզորությամբ ատոմային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Նրա խոսքով՝ գործող ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցի հետ մեկտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև նոր բլոկի կառուցումը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Եվ այստեղ առաջին անգամ հնչեցին Նիկոլ Փաշինյանի՝ մեզ համար շատ կարևոր խոսքերն այն մասին, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը որոշում կկայացնի տեխնիկական նկարագրի մասին և կընտրի գործընկերների, որոնք կկառուցեն նոր կայանը.նորություն, որը մեր առջև խնդիր է դնում` առաջիկա ամիսներին առավել մրցունակ առաջարկ ձևակերպել Հայաստանի կողմից նոր բլոկի կառուցման ընկերություն ընտրելու համար», – նշել է Լիխաչովը:

Նրա ներկայացմամբ՝ «Ռոսատոմը» նպատակահարմար է համարել առնվազն 1 ԳՎտ՝ 1000 ՄՎտ հզորությամբ բլոկի կառուցումը։ Կորպորացիան նման գնահատական է տվել՝ հաշվի առնելով մինչև 2040 թվականը Հայաստանի էներգահամակարգի կանխատեսվող պահանջներն ու պակասուրդը։

«Եվ եթե խոսենք ավելի երկար ժամկետների մասին (իսկ մենք միշտ պետք է պլանավորենք տասնամյակների համար), ապա իհարկե սարերի հետևում չէ նաև երկրորդ բլոկի մասին որոշումը։ Բայց ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ դա Հայաստանի կառավարության ինքնիշխան որոշումն է», – ասել է Լիխաչովը։

Նա հայտնել է, որ կորպորացիան Հայաստանի կառավարությանը «հազարանոց» բլոկի վերաբերյալ կոնկրետ առաջարկ է ներկայացրել իր ВВЭР-1000 նախագծի շրջանակում։

«Հենց այդ ВВЭР-երն ենք մենք մեզ մոտ տարածում, հենց դրանցից ենք մենք կառուցել և շարունակում ենք կառուցել Հնդկաստանում, Իրանում։ Դրանք ինչպես ունեն տնտեսապես շատ բարձր արդյունավետություն (մասնավորապես էլեկտրաէներգիայի ցածր արժեքը), այնպես էլ դրանցում առկա են «3+» սերնդի անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերը: Մեր պատկերացմամբ՝ այս առաջարկը լավագույնն է ներկայում համաշխարհային շուկայում եղածներից։

Իհարկե, սա մեր գնահատականն է, որը Հայաստանի կառավարությունում առայժմ չեն հաստատել, բայց քննարկում սկսելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը մենք այսօր պաշտոնապես փոխանցել ենք Նիկոլ Վովաևիչին և բանակցություններին ներկա ողջ ընդարձակ թիմին», – ընդգծել է Լիխաչովը։

Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» պատրաստակամ է նախագիծն իրականացնել նաև միջազգային մատակարարների մասնակցությամբ, որոնց հետ կորպորացիան, չնայած արտաքին ճնշումներին, շարունակում է ակտիվ համագործակցությունը։

Լիխաչովը նշել է, որ Եգիպտոսում, Թուրքիայում, Ուզբեկստանում և Ղազախստանում իրականացվող միջազգային նախագծերում կիրառվել են համաշխարհային պրակտիկայում առկա լավագույն լուծումները՝ ազգային պատվիրատուի հետ համաձայնեցմամբ։

«Կարող են ներգրավվել մի շարք իրավասու ընկերություններ Եվրամիության երկրներից, Ասիական տարածաշրջանի երկրներից։ Առայժմ կոնկրետ ընկերությունների մասին չենք խոսում, քանի որ այստեղ մենք գործելու ենք բացառապես պատվիրատուի՝ Հայաստանի կառավարության և այն մասնագետների ցանկությունների տրամաբանությամբ, որոնք ղեկավարելու են բանակցությունների տեխնիկական կողմը։ Բայց միանգամայն հայտնի փաստ է, օրինակ, որ համաշխարհային ատոմային շուկայում մեր վերջին նվաճումը մեր միջկառավարական պայմանագիրն է և Ղազախստանի հետ գործարքը, որտեղ երկբլոկանոց ВВЭР-1200-ը կիրագործվի միջազգային կոնսորցիումի ձևաչափով՝ ֆրանսիական, կորեական և չինական արտադրողների ներգրավմամբ», – նշել է Լիխաչովը։

Նրա գնահատմամբ՝ սա միջազգային մատակարարների մասնակցությամբ «Ռոսատոմի» ծրագրերի իրականացման օրինակներից է։

Առնվազն 1 ԳՎտ հզորությամբ բլոկի անհրաժեշտությունը հիմնավորելիս Լիխաչովն ուշադրություն է հրավիրել Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի վրա։ Նրա ներկայացմամբ՝ ներկայում էլեկտրաէներգիայի պահանջարկն ապահովվում է ընդունելի գներով, իսկ նախորդ տարի երկրում սպառումն աճել է 7 տոկոսով։

«Նույնիսկ եթե մենք տարեկան 4 տոկոս սպառման չափավոր աճ դնենք, ապա մենք 2036 թվականին (այսինքն՝ շահագործման հենց ավարտին) կհասնենք մոտ 1 ԳՎտ հզորության պակասուրդի՝ Մեծամորի «դուրսբերումը» հաշվի առնելով։ Հետևաբար գուցե քամու, արևային էներգիայի տեսանկյունից դուք ունեք բավարար հզորություն, բայց ցանցում՝ գործնական և մատչելի էլեկտրաէներգիայի տեսանկյունից, հարցը լուծված չէ», – ասել է Լիխաչովը:

Նա նաև նշել է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման օրական տատանումներն արտահայտված են, ինչը կապել է արևային արտադրության մեծ տեսակարար կշռի հետ։ Միաժամանակ ատոմակայանը գործում է «24/7» ռեժիմով՝ անկախ արևից, քամուց և եղանակային պայմաններից։ Նրա խոսքով՝ տասը տարվա վառելիքի ապահովման դեպքում բլոկը նույն ժամանակահատվածում կարող է շահագործվել որպես «ատոմային մարտկոց»:

«Այս իմաստով համընդհանուր տարածում գտած թեզն առ այն, որ համաշխարհային արտադրության գործում հիմնական դերակատարները ատոմակայանները և ինչ-որ տեղ ՀԷԿ-երն են՝ ապացուցված փաստ է», – ասել է Լիխաչովը:

Ալեքսեյ Լիխաչովն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Այցի ընթացքում նա արդեն հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Leave a Comment