«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ), Եվրոպական միությանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, Եվրոպայի խորհրդին և միջազգային այլ կառույցների՝ կոչ անելով շարունակական մշտադիտարկում իրականացնել Հայաստանում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Այս մասին հայտարարել են կուսակցությունում։
ԲՀԿ-ն միջազգային կառույցներին կոչ է արել «չսահմանափակվել արձանագրված խնդիրների փաստմամբ» և ուշադրության կենտրոնում պահել նաև ընտրություններից հետո պետական մարմինների որոշումները, որոնք, կուսակցության գնահատմամբ, կարող են ազդել քաղաքացիների քաղաքական ներկայացվածության վրա։
Կուսակցությունն իր կոչը կապել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ վերջնական զեկույցի հետ։ ԲՀԿ-ն հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ն անբավարար է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հիմնավորումը՝ երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ որոշման ազդեցությունը ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Կուսակցության պնդմամբ՝ եթե այդ տեղամասերի արդյունքները հաշվարկվեին, ԲՀԿ-ն կհաղթահարեր խորհրդարան անցնելու շեմը։
ԲՀԿ-ն անդրադարձել է նաև կուսակցության կալանավորված նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդմանը՝ միջազգային կառույցներից ակնկալելով գնահատական նաև այդ գործընթացին։
«Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացվածության իրավունքը և աշխատել միջազգային կառույցների հետ՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների իրավական և ինստիտուցիոնալ գնահատականի հասնելու համար։
Կուսակցությունը նաև հայտնել է, որ շարունակելու է պայքարը Ծառուկյանի ազատ արձակման համար և այդ ուղղությամբ համագործակցելու է միջազգային կառույցների ու ինստիտուտների հետ։
ԵԽԽՎ-ն ավելի վաղ հրապարակել էր հունիսի 7-ի ՀՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը։ Դրանում վեհաժողովը «խիստ անբավարար» էր համարել ԿԸՀ-ի հիմնավորումը՝ երեք ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու և կրկնաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ։ Զեկույցում նշվել էր, որ այդ տեղամասերի արդյունքները հաշվի առնելու դեպքում ԲՀԿ-ն կարող էր հաղթահարել 4%-անոց շեմը և ստանալ խորհրդարանական մանդատներ։ Ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն ստացել էր ձայների 3,99%-ը։
