Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:



Զրուցակիցները քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին և մեր երկրում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին վերաբերող հարցեր։


Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ միջազգային գործընկերներից ստացված առաջարկությունների շուրջ և որոշումը կընդունվի առաջիկայում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վերջնական որոշումը կրելու է բացառապես տնտեսական բնույթ՝ հաշվի առնելով գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։ 


Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ հայաստանյան գործընկերների հետ ունեն կառուցողական համագործակցություն, այդ թվում՝ ՀԱԷԿ–ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետների երկարաձգման ուղղությամբ։ Հաջորդիվ «Ռոսատոմ»–ի գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել նոր ԱԷԿ–ի, ինչպես նաև փոքր և միջին հզորության էներգաբլոկների կառուցման առաջարկների և հնարավոր մեխանիզմների շուրջ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment