ԳԴ-ն պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավարից բռնագանձել 12 գույք և $181 հազար

Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 միլիոն դրամ (մոտ $181 հազար)՝ որպես ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք և դրամական միջոցներ, հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն դատարանը հայցը վարույթ է ընդունել։ Դատախազությունը պահանջում է պետությանը հանձնել 12 անշարժ գույք, որից հինգը գտնվում են Երևանում, յոթը՝ Արմավիրի մարզում, ինչպես նաև երկու տրանսպորտային միջոց և մեկ իրավաբանական անձում մասնակցություն։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 65 միլիոն 896 հազար դրամ (մոտ $181 հազար)՝ որպես ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ։

Գևորգյանը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պետական եկամուտների կոմիտեում, ինչպես նաև ղեկավարել է ՀՔԾ աշխատակազմը։

ՀՔԾ-ն ստեղծվել էր 2007 թվականին և քննում էր քրեական գործեր, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պաշտոնատար անձանց հետ կապված։ Ծառայությունը լուծարվել է 2021 թվականին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման շրջանակում, որին փոխանցվել են նրա քննչական գործառույթների մի մասը և քննիչները։

Leave a Comment