CNN-ը, Politico-ն և MS NOW լրատվամիջոցները դիմել են ԱՄՆ դաշնային դատարան՝ պահանջելով անհապաղ կասեցնել Սպիտակ տան տարածք մուտք գործելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած արգելքը՝ մինչև դատական քննության ավարտը։
Համատեղ հայցադիմումում նշված է, որ ԱՄՆ վարչակազմը «համառորեն և հակասականորեն» շարունակում է կիրառել սահմանափակումները՝ չնայած նախկինում ընդունված դատական որոշմանը։
«Սպիտակ տան խոսքերն ու գործողությունները կասկած չեն թողնում, որ հնարավորության դեպքում լիակատար արգելքը անհապաղ կվերականգնվի։ Քանի որ սա ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ երաշխավորված հիմնարար ազատությունների ապօրինի ոտնահարում է, դատարանը պետք է կանխարգելիչ արգելանք դնի դրա կիրառման վրա»,- ասված է դատական հայցում։
Սույն իրավական գործընթացը Թրամփի երկրորդ պաշտոնավարման ընթացքում Սպիտակ տան և ամերիկյան առաջատար լրատվամիջոցների միջև խորացող հակամարտության հերթական փուլն է։ Վարչակազմի կողմից Սպիտակ տան և Պենտագոնի լրագրողների նկատմամբ սահմանված հավատարմագրման սահմանափակումներն ու պատժամիջոցներն արդեն հանգեցրել են դաշնային դատարաններում քննվող մի շարք աղմկահարույց հայցերի։
