Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրել


Միջազգային


Գերմանիան և Եվրամիության ևս հինգ երկրներ Բրյուսելից պահանջել են հարյուրավոր միլիարդ եվրոյով կրճատել ԵՄ 2028–2034 թվականների համար նախատեսվող բյուջետային ծախսերը։

Համապատասխան նամակը ստորագրել են Գերմանիայի, Ավստրիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջնորդները։

«ԵՄ բյուջեն հիմնարար բարեփոխման կարիք ունի։ Մենք պետք է ընտրություն կատարենք»,– ասվում է նամակում։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և մյուս հինգ երկրների ղեկավարները հայտարարել են, որ չեն համաձայնի ԵՄ հաջորդ յոթամյա բյուջեին, եթե չապահովվի ծախսերի՝ հարյուրավոր միլիարդ եվրոյով կրճատում։

Այս վերջնագիրը ընդգծում է ԵՄ երկրների միջև առկա տարաձայնությունները ծախսերի նոր առաջնահերթությունների շուրջ, այդ թվում՝ պաշտպանական ոլորտի ֆինանսավորման և Չինաստանի ու ԱՄՆ-ի հետ մրցակցության պայմաններում դժվարություններ ունեցող արդյունաբերության ոլորտներին աջակցության միջոցների վերաբերյալ։

Վեց երկրների առաջնորդները ցանկանում են ռեսուրսներն ուղղել պաշտպանական կարիքներին և նորարարական ընկերությունների աջակցությանը՝ աճող տնտեսական մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին արձագանքելու նպատակով։

ԵՄ 2028–2034 թվականների բյուջեն հաստատելու համար անհրաժեշտ է անդամ 27 երկրների միաձայն որոշումը։ Վեց երկրների՝ համաձայնություն չտալու սպառնալիքը հակասում է ԵՄ առաջնորդների՝ հունիսյան գագաթնաժողովում ստանձնած պարտավորությանը՝ համաձայնության հասնել մինչև ընթացիկ տարվա վերջ։


Leave a Comment