Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան


Հասարակություն


Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան շուրջ դատական գործընթացն ավարտվել է։ Դատարանը հեռացել է վճռի հրապարակման։ Այս մասին հայտնում է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ 

«Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության։

Խոսքը պարզապես շենքի կամ գույքի մասին չէ։ Խոսքը գրողների տարիներով ձեռք բերված և օրենքով պաշտպանվող սեփականության իրավունքի մասին է։ Գրողների սեփականության իրավունքը չի կարող վերածվել առևտրի կամ շրջանցվել ձևական պատճառաբանություններով։

Գրողները պահանջում են ոչ թե արտոնություն, այլ՝ օրենքի կիրառում։

Դատարանի առաջ դրված է ոչ միայն կոնկրետ գույքի ճակատագիրը, այլև ավելի կարևոր հարց՝ Հայաստանում գրողների միության սեփականության իրավունքը իրականում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ։

Օրենքը պետք է կանգնի սեփականության իրավունքի, ոչ թե այն խլելու փորձ կատարողների կողքին։

Սեփականությունը իրավունք է, ընդ որում բնական իրավունքի, Աստվածաշնչյան իրավունքի նորմ։

Նման իրավունքը չի խլվում ցանկությամբ։ Այն պաշտպանվում է օրենքով»,- գրել է փաստաբանը։ 

Հիշեցնենք, որ 2024 թվականից իշխանությունը, ի դեմս գլխավոր դատախազության, նախաձեռնել է «Հայաստանի գրողների միության» և «Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու գործընթաց, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։

Ստեղծագործական  միությունները դիմել են դատարան՝ վիճարկելու դատախազության որոշումը։

ՀՀ գլխավոր դատախազությունն էլ դիմել է Վարչական դատարան Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների շենքերի սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով։ Դատախազությունը պնդում է, որ 1990-ականներին Աբովյան 16 ու Բաղրամյան 3 հասցեներում գտնվող շենքերն ապօրինաբար են սեփականաշնորհվել ու տրամադրվել միությունները ներկայացնող հասարակական կազմակերպություններին։


Leave a Comment