Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում կանխվել է անարգման փորձը – armeniatoday.am

Երուսաղեմի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ վանքի տարածքում հայ անվտանգության աշխատակցի միջամտությամբ կանխվել է վանքի տարածքն անարգելու փորձը, հայտնել է քաղաքի Հայկական թաղամասի փրկության շարժման ղեկավար Գեղամ Բալյանը։

Անվտանգության աշխատակիցը նկատել և կանխել է ոտնձգության փորձը՝ նախքան արարքի իրականացումը։

Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Հայկական թաղամասի և քրիստոնեական սրբավայրերի դեմ ուղղված պարբերական դարձած սադրանքների ֆոնին։

Չնայած վանքի մոտակայքում ոստիկանական հսկողության սահմանմանը՝ համայնքի ներկայացուցիչները արձանագրում են, որ սրբավայրերի և քրիստոնյա բնակիչների դեմ ուղղված ոտնձգությունների դեպքերը շարունակվում են։

Հայկական թաղամասում նման միջադեպեր նախկինում ևս արձանագրվել են։ Օգոստոսի սկզբին վեց իսրայելցիներ հարձակվել էին Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա։

Ոստիկանությունը ձերբակալել էր կասկածյալներին, իսկ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք էր ներկայացրել և Իսրայելի իշխանություններին կոչ արել նման դեպքերը որակել ատելության հողի վրա կատարված հանցագործություններ։

Սեպտեմբերի 6-ին Երուսաղեմում աղջիկը ոստիկանների ներկայությամբ թքել էր հայկական վանքի ուղղությամբ, օգոստոսի վերջին Իսրայելի ոստիկանությունը յոթ անձի էր ձերբակալել Հին քաղաքում քրիստոնեական և մահմեդական սրբավայրերի պղծման կասկածով։

Նրանցից չորսին ձերբակալել էին Հայոց պատրիարքարանի համալիրի ուղղությամբ թքելուց հետո։ Հարցաքննությունից հետո բոլոր կասկածյալներին ազատ էին արձակել՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ։

2025 թվականի հուլիսին իսրայելցի իրավապաշտպանները նաև հայտնել էին հայերի դեմ ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների թվի աճի մասին։

Leave a Comment