Այս անգամ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ գնահատականը իսկապես տարբերվող էր։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ քննարկումներին։
Նրա խոսքով՝ արձանագրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անաչառության դեֆիցիտը, ինչպես նաև կոնկրետ քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքը՝ 4 տոկոս ձայն ստանալու պայմաններում։
«Հատկապես ուզում եմ անդրադառնալ քաղաքական հետապնդումների բաղադրիչին։ Որպես առաջարկ՝ իշխանություններին ներկայացվել է ընտրովի հետապնդումների դադարեցումը։ Այսինքն՝ նախընտրական, ընտրական և հետընտրական ամբողջ ժամանակահատվածում քրեական հետապնդման ու քրեադատավարական գործիքակազմերը վերածվել են քաղաքական նպատակներով օգտագործվող զենքի։ Բոլոր այդ կալանքները, հետապնդումներն ու ճնշումները նկատելի են եղել Եվրոպայի խորհրդի համար»,- ասել է նա։